tert.am: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը անդրադարձավ նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցած լրագրողների խմբերի փոխանակմանը, որի ընթացքում Հայաստանի և Արցախի ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:
Նա նշեց, որ մեծագույն հաճույքով ընթերցել և լսել է Դավիթ Ալավերդյանին, Արտյոմ Երկանյանին և Էդգար Էլբակյանին, ովքեր և մեկնել էին Ադրբեջան, իսկ Ադրբեջանի լրագրողները եղել են Երևանում, Դիլիջանում, Արցախում, այցելել են Շուշի:
«Արդյոք հավատո՞ւմ եմ, որ իրենք կպատմեն ճշմարտությունը, ինչպես մեր լրագրողները պատմեցին, ասեմ, որ ի սկզբանե՝ նույնիսկ մինչև մեկնելը կասկած էի հայտնում այդ մասին և այս մի քանի օրվա ընթացքում այդ կասկածներս ավելի են ամրապնդվել: Ինձ մոտ կա տպավորություն, որ եթե նրանք նույնիսկ այլ տեքստ են գրել, այդ տեքստը չի հրապարակվել, այլ հրապարակվել է այն, ինչ պատրաստված է եղել. շատ հին, ծանոթ սցենար է Ադրբեջանի կողմից: Մենք պետք է պատրաստ լինեինք, որ այդպես էր լինելու, զարմանալ պետք չէ»,-ասաց նա:
Թևան Պողոսյանն ասաց, որ այս այցի ուրախալի մասն այն է, որ կազմակերպվել է բուն կողմերի միջև` Արցախի ԱԳՆ-ի, Հայաստանի ԱԳՆ-ի և Ադրբեջանի նախագահական ինստիտուտի:
«Երբ հետևում էի հարցերին, դրանք հիմնականում այնպիսինն էին, որ այ, գնացիք, բա հարց չլուծեցի՞ք: Ժողովուրդ ջան, այս հարցը սերունդների հարց է, 101 տարի է՝ շարունակվում է և չգիտեմ, թե որքան է էլ շարունակվելու, սերունդներով էլ գնալու է: Խնդիրն է` իմանալ ճշմարտությունն իրար մասին: Մենք շատ երկար ժամանակ Ադրբեջանից ստանում ենք ուղղորդված տեղեկություններ, սա միակ առիթն էր, որ կարող էինք որքան հնարավոր է ազնիվ տեղեկություն ստանալ, իսկ իմանալ հակառակորդների մասին իրականությունը՝ դրական է և մեզ ուժեղացնում է, այնպես որ մենք այսօրվա դրությամբ մի քիչ ավելի ուժեղացել ենք, և դա միայն պետք է ողջունել»,-ասաց նա:
comment.count (0)