Իրաքի հարավում ուժեղացվել են անվտանգության միջոցները Իրանի հյուպատոսության վրա գրոհից հետո |news.am|
09:03 - 28 նոյեմբերի, 2019

Իրաքի հարավում ուժեղացվել են անվտանգության միջոցները Իրանի հյուպատոսության վրա գրոհից հետո |news.am|

news.am: Իրաքի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցները երկրի հարավային նահանգներում՝ Էն Նաջաֆում Իրանի հյուպատոսության վրա գրոհից եւ հրդեհումից հետո։ Ինչպես տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը, միջոցներն ուժեղացվել են Բասրայում եւ Քերբելայում, որտեղ նույնպես կան Իրանի հյուպատոսական ներկայացուցչություններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Էն Նաջաֆում մտցվել է պարետային ժամ հյուպատոսության դեմ գրոհից հետո։ Ցուցարարների մի խումբ այրել է շենքի մուտքը։ Կրակը տեղափոխվել է շենքի մնացած հատվածներ։ Ներկայում հրշեջները փորձում են մարել կրակը, հյուպատոսության շենքը լրիվ հոսանքազրկված է։

Ինչպես հաղորդել է As Sumaria հեռուստաալիքը, իրանական ներկայացուցչության վրա գրոհից հետո անվտանգության ուժերը հեռացել են համալիրից, եւ այն այժմ ոչ մեկի կողմից չի պահպանվում։ Շենքի առջեւ նախկինի պես ցուցարարների խումբը փորձում է խոչընդոտել հրշեջ մեքենաներին մոտենալ այրվող շենքին։

Քաղաքում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ հինգշաբթի այնտեղ հանգստյան օր է հայտարարվել պետական հաստատությունների բոլոր աշխատակիցների համար, բացի առողջապահության եւ ներքին գործերի մարմիններից։

Բողոքի ակցիաներն Իրաքում չեն դադարում հոկտեմբերի սկզբից, երբ քաղաքների փողոցներ դուրս եկան մարդիկ, որոնք դժգոհ էին կենսապայմանների վատացումից, գործազրկությունից եւ կոռուպցիայից։ Գրեթե ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ եւ անկարգություններով։ Բողոքողները պահանջում են կառավարության հրաժարականը եւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 350 մարդ, 15 հազար մարդ տուժել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել