Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն՝ Թեհրանում |azatutyun.am|
09:29 - 18 սեպտեմբերի, 2024

Մոսկվան աջակցում է Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը․ Շոյգուն՝ Թեհրանում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սարգեյ Շոյգուն երեքշաբթի այցելել է Թեհրան, հանդիպել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի-Աքբար Ահմադիանի հետ։

Ըստ իրանական Mehr գործակալության՝ Շոյգուն Թեհրան է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը փոխանցելու նպատակով։

Շոյգուն վերահաստատել է Մոսկվայի աջակցությունն Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի քաղաքականությանը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է նաև Իրանի նախագահի հետ։ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է երկու երկրների միջև կառուցողական հարաբերությունները՝ շեշտելով՝ իր վարչակազմը լրջորեն հետամուտ է լինելու Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավմանը։

Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը կնվազեցնեն երկու երկրների դեմ պատժամիջոցների ազդեցությունը, ասել է Իրանի նախագահը՝ հավելելով՝ Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները կզարգանան մշտական, շարունակական և տևական ճանապարհով։

Շոյգուն Թեհրանում փոխանցել է Պուտինի ուղերձը՝ շեշտելով, որ Ռուսաստանի դիրքորոշումը տարածաշրջանային հարցերում Իրանի հետ համագործակցելու հարցում չի փոխվել։

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հավելել է, որ Վլադիմիր Պուտինն անհամբեր սպասում է իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը՝ Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Իրանի նախագահն էլ հույս է հայտնել, որ երկու երկրները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցեր BRICS-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել