Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամադ Ջամշիդին X-ի իր էջում անդրադարձել է այսօր կայացած Փաշինյան-Ռաիսի հեռախոսազրույցին։
Նա նշել է, որ Իրանի նախագահը, ի պատասխան Փաշինյանի, հայտարարել է․
«Աշխարհաքաղաքական կամ սահմանային փոփոխությունների ցանկացած քայլ կարմիր գիծ է։
3+3 ձևաչափից դուրս օտարերկրացիների հրավիրելը, համատեղ զորավարժությունները և կասկածելի այցերը բարդացնում են իրավիճակը:
Իրանը պատրաստ է աջակցելու երկու կողմերին լուծելու տարաձայնությունները»։
Հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում երկրորդ կետի մասին։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ Ռաիսին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստ է անել իր բաժինը տարածաշրջանում ցանկացած քաղաքական փոփոխություն կանխելու համար, և որ Իրանը աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը ու կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
«Իրանը պատրաստ է իր դերն ունենալ դիվանագիտական բանակցությունների միջոցով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում»,- ասել է նախագահը։
Նա հավելել է, որ Իրանը ձգտում է զարկ տալ Հայաստանի հետ տնտեսական և առևտրային կապերին և արագություն հաղորդել երկու հարևան երկրների միջև կնքված համաձայնագրերի իրականացմանը։
«Հայաստանի վարչապետն իր հերթին Իրանի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասի վերջին զարգացումները՝ վերահաստատելով Իրանի դրական դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործում։
Փաշինյանը նաև ողջունել է Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում ընթացող զարգացումների նկատմամբ։ Նա հորդորել է ավելի արագացնել Իրանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ավելի վաղ Թեհրան կատարած իր այցի ժամանակ»,- ասվում է իրանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, անցկացվելու է «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
comment.count (0)