Սիմիդյանը իրանցի իր գործընկերոջ հետ խոսել է Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքի ապահովման մասին
10:03 - 11 սեպտեմբերի, 2023

Սիմիդյանը իրանցի իր գործընկերոջ հետ խոսել է Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքի ապահովման մասին

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Իրանի Բնապահպանության կազմակերպության նախագահ Ալի Սալաջեղեի հետ։

Հանդիպումը, որը թվով երկրորդն էր, կայացել է ավազի և փոշու փոթորիկների դեմ պայքարին ուղղված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով ԻԻՀ կատարած այցի շրջանակներում:

Հանդիպման մեկնարկին նախարար Հակոբ Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և կարևորել տարածաշրջանում երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների սերտ հարաբերությունները, ինչպես նաև բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերի միավորումը։

Անդրադարձ է կատարվել Արաքս գետի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրներին։ Կողմերը փաստել են, որ Արաքս գետի ջրի որակի հսկման ու պահպանման խնդիրները լուծելու համար պետք է առավել ակտիվ համագործակցել, իրականացնել փոխայցեր, դիտարկումներ և համատեղ միջոցառումներ։

Այս ուղղությամբ երկու կողմերը համագործակցության շատ մեծ դաշտ են տեսնում, և այդ նպատակով նախարար Սիմիդյանը Ալի Սալաջեղեին հրավիրել է Հայաստան։

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը՝ համագործակցելու ԻԻՀ հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել