Փաշինյանի դեմագոգիան եւ ստախոսությունը որեւէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։
«Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ֊խանի հետ եւ պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական եւ մահացու հարվածներից մեկը։
Գիտակցելով այս իրողությունը, Փաշինյանը իրեն հատուկ մտային աճպարարությամբ փորձում է ներկայացնել իրականությունն այնպես, թե իբր նա, ստորագրելով Պրահյան հայտարարությունը եւ ընդունելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, որեւէ նոր քայլ չի կատարել։
Այդ ցնորքն ապացուցելու նպատակով նա երկու հայտարարություն է կատարում.
- Որ Հայաստանը դեռ 1991֊1992 թվականներին ստորագրել է եւ վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, դրանով իբր ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազնում։
- Որ ռուսական թերթերից մեկում տված մի հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը հայտարարել է, թե իր համար ընդունելի է Արցախի ինքնավարության կարգավիճակը, դրանով իբր հաստատելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմք։
Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ այս անհեթեթությունը տիրաժավորվում է Հայաստանի հանրային լրատվամիջոցներով, նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ արձանագրել հետեւյալ հանրահայտ փաստերը.
1. Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ստորագրած հռչակագիրը։
2. Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր միացումը ԱՊՀ֊ին, Հայաստանը վերոհիշյալ հռչակագիրը վավերացրել է համապատասխան վերապահումներով, ըստ էության, հայտնելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը չի տարածվում նախկին ինքնավարությունների վրա, որոնք ԽՍՀՄ օրենքների համաձայն, հայտարարել են իրենց անկախության մասին։ Դա Հայաստանի Հանրապետության համար այսօր էլ գործող օրենսդրական հիմք է։
3. Հայաստանը չի վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, բավարարվելով Մինսկյան հռչակագրի ստորագրությամբ եւ վավերացմամբ ստեղծված իրավական հիմքերով եւ պարտավորություններով։
4. Տեր֊Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք, հետեւողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ֊ի որեւէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ եւ մերժելով նման լուծում առաջարկող որեւէ տարբերակ։
5. «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր֊Պետրոսյանն ասել է, որ իր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է «ընդունելի լինել եւ Ղարաբաղի, եւ Ադրբեջանի համար»։ Ես արդեն մեկնաբանել եմ այդ հայտարարությունը 2010 թվականին, երբ այդ որպես մեղադրանք նետվել էր այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Հայտարարությունից երկու ամիս անց մենք ազատագրեցինք Շուշին։ Ես բացատրել եմ, որ այդ ռազմական գործողությունն արդեն նախապատրաստված եւ արտոնված էր, եւ հայտարարությունը հնչել է ընդամենը որպես պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովման բաղադրիչ։ Հասկանում եմ, որ Նիկոլական տգետների համար դժվար կլինի հասկանալ հատկապես «պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովում» արտահայտության տակ թաքնված բովանդակությունը, բայց ավելին ասելու համար ստիպված պետք է լինեմ բացահայտելու պետական գաղտնիքներ, ինչը բնականաբար չեմ անի։ Ամեն դեպքում, նման բան երբեք չի ներկայացվել դիվանագիտական ատյաններում որպես Հայաստանի դիրքորոշում եւ երբեք չի եղել մեր քաղաքականության հիմքում, առավելեւս որեւէ կապ չի ունեցել Ալմա֊Աթայի հռչակագրի հետ։
Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանի ինքնարդարացման փորձերը եւս մեկ անգամ բացահայտոում են այն անմխիթար իրողությունը, որ մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից», - գրել է նա։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)