Դատարանի վճռով «Ազատազէն»-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության մերժվել է
21:25 - 15 սեպտեմբերի, 2023

Դատարանի վճռով «Ազատազէն»-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության մերժվել է

ՀՀ վարչական դատարանը դատավոր Լուսինե Բոյաջյանի նախագահությամբ վճռել է մերժել «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, որով «Ազատազէն»-ը դատարանին խնդրել էր ոստիկանությանը պարտավորեցնել իրեն տրամադրել բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա։

Ինչպես հայտնի է, այս տարվա հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որով եւ որից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ի թիվս այլնի, սահմանվել է հրաձգարան գործարկելու կարգը։ Ըստ այդմ, հրաձգարանները պետք է ունենան հրահանգիչներ, որոնց որակավորումը կազմակերպում եւ իրականացնում է ՆԳՆ ոստիկանությունը՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովի։

Հուլիսի 11-ին «Ազատազէն» ՀԿ-ն հրաձգարան գործարկելու դիմում էր ներկայացրել ոստիկանությանը, որը, սակայն, մերժել էր լիցենզիայի տրամադրումը՝ այն պատճառաբանությամբ, որ պահանջվող փաստաթղթերում, ի թիվս այլնի, բացակայում է հրաձգության հրահանգչի որակավորման վկայականը։ Մինչդեռ ոստիկանությունը չէր սահմանել հրահանգչի որակավորման քննության հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը, այսինքն՝ թեեւ օրենքն ուժի մեջ էր մտել, բայց գործնականում, միեւնույն է, որեւէ հրահանգիչ չէր էլ կարող ստացած լինել այդ վկայականը։

ՆԳՆ ոստիկանության դեմ դատական հայց ներկայացնելով՝ «Ազատազէն»-ը միաժամանակ միջնորդել էր կիրառել հայցի ապահովման միջոց, այսինքն՝ ժամանակավորապես՝ մինչեւ վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը թույլատրել հրաձգարանի գործարկումը, ինչը դատարանը բավարարել էր՝ նշելով, որ հակառակ դեպքում չի ապահովվի հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացման ամբողջական արդյունավետությունը։ Ոստիկանությունն իր հերթին միջնորդել էր վերացնել հայցի ապահովման միջոցը, ինչը դատարանի որոշմամբ մերժվել էր։ Վճռի հրապարակման օր էր նշանակվել սեպտեմբերի 14-ը։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ուսումնասիրելով գործում առկա ապացույցներն ու վերաբերելի իրավանորմերը՝ Դատարանը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումներից մեկը, ըստ որի՝ դատարանը վարչական մարմնին պարտավորեցնում է հայցվոր կողմի համար բարենպաստ վարչական ակտ կայացնել, եթե ձեռքբերված ապացույցների շրջանակում եւ դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում այդ հայցվող ակտի իրավաչափությունը, այսինքն՝ հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությամբ է պայմանավորված վարչական մարմնի մերժման որոշման իրավաչափությունը եւ ոչ թե հակառակը:

Տվյալ դեպքում, ըստ Դատարանի, հայցվորին լիցենզիայի տրամադրումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ներկայացված փաստաթղթերի ցանկից բացակայում է հրաձգության հրահանգչի որակավորման վկայականը, որն էլ ստանալու համար պարտադիր է որակավորման քննության անցկացումը, իսկ առանց այդ քննության եւ հանձնաժողովի կողմից անձի մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքում տրված հրահանգչի որակավորման վկայականի հնարավոր չէ գնահատել լիցենզիայի տրամադրման իրավաչափությունը: Այլ խոսքով՝ այդ վկայականի առկայությունը վարչական մարմնին լիցենզիա տրամադրելուն դատական կարգով պարտավորեցնելու համար պարտադիր է:

Միեւնույն ժամանակ Դատարանն արձանագրել է, որ հենց այդ որակավորման քննությունների չկազմակերպումն է, որ հանգեցրել է սույն իրադրությանը՝ սահմանափակելով հայցվոր կազմակերպության՝ օրենքով սահմանված կարգով բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա ստանալու հնարավորությունը՝ այն պարագայում, երբ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի՝ 01.06.2023 թ․ ուժի մեջ մտնելով պետք է անձանց համար թե՛ իրավական կարգավորումների, թե՛ փաստացի առումով լիներ իրական հնարավորություն՝ իրացնելու հիշյալ օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ իրենց իրավունքները: 

Այնուհանդերձ, Դատարանն ընդգծել է, որ իրավասու է վարչական մարմնին պարտավորեցնել ընդունել բացառապես իրավաչափ վարչական ակտ, հետեւաբար պարտավորեցման հայցապահանջը բավարարելու համար դատաքննությամբ պետք է ձեռք բերվեն բավարար ապացույցներ առ այն, որ հայցվող վարչական ակտը իրավաչափ է, իսկ տվյալ դեպքում, ըստ Դատարանի, «Ազատազէն» ՀԿ–ն բաց հրաձգարանի գործարկման լիցենզիա տրամադրելուն պարտավորեցնելու իրավական եւ փաստական հիմքերը բացակայում են, ուստի հայցվող պահանջը իրավաչափ չէ, եւ հայցը ենթակա է մերժման։

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից հետո մեկամսյա ժամկետում եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան: «Ազատազէն» ՌՀԿ-ն արդեն իսկ հայտնել է, որ օրենքով սահմանված կարգով վերաքննիչ բողոք է ներկայացնելու, ինչը նշանակում է, որ վճիռն ուժի մեջ չի մտնի, եւ կշարունակի գործել Դատարանի՝ հրաձգարանը ժամանակավորապես գործարկելու թույլտվությունը։



Լուսապատճենը՝ «Ազատազէն»–ի ֆեյսբուքյան էջից


Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել