Շենգավիթի 8/13 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը բացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կտրոնների տուփը. հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել նայել
10:16 - 17 սեպտեմբերի, 2023

Շենգավիթի 8/13 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը բացել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների կտրոնների տուփը. հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել նայել

Infocom.am-ի  լրագրողը  Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում 08։00-10։00 հետևել է ընտրական գործընացին։ 

Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում «Մայր Հայաստան» դաշինքի երկու վստահված անձ է ներկա եղել։ Սակայն, համաձայն ԿԸՀ հրապարակած ուղեցույցի, Երեւանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր տեղամասում ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի միայն մեկ վստահված անձ կարող է լինել տեղամասում։ 

Հանձնաժողովի անդամները գրանցամատյանում երկու վստահված անձանց էլ գրանցել են։ Infocom-ի լրագրողի հարցին՝ արդյոք չե՞ն պատրաստվում վստահված անձանցից մեկին դուրս հրավիրել տեղամասից, պատասխանեցին, որ կուսակցությունների դաշինքի դեպքում երկու վստահված անձ կարող է լինել տեղամասում։ 

Վստահված անձինք իրենք էլ պնդում էին նույնը՝ նշելով, որ վերջնահաշվարկին նրանցից միայն մեկը կմնա։ Մեր առաջարկից քիչ հետո, որ հանձնաժողովի անդամները անձամբ կարող են ստուգել ուղեցույցը եւ համոզվել, որ դա խախտում է, հանձնաժողովի նախագահ մոտեցավ եւ ընդունեց, որ, այո, մեկ վստահված անձ պետք է մնա տեղամասում։

Հանձնաժողովի նախագահը խնդրել է նրանցից մեկին դրսում սպասել, իսկ այդ վստահված անձը, դիմելով մեզ, ասել է. «Վերջը դուրս արեցիք ինձ էլի, լավ չեք անում, կգնաս մեր գյուղի կողմ, ձեզ մեր գյուղ չեն թողի»։

Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը ժամը 9:14-ին բացել է ընտրությանը մասնակցած անձանց կտրոնների տուփը։ Հանձնաժողովի նախագահը մոտեցել է եւ կանգնեցրել նրան՝ ասելով, որ ձեռք չտա տուփին։ ՔՊ վստահված անձն ասել է, որ ուզում է իմանալ՝ ընտրությանը մասնակցած անձանց թիվը համապատասխանո՞ւմ է կտրոնների թվին, թե ոչ։

9:57-ի դրությամբ արձանագրությունների մատյանում այս խախտման մասին նշում չի եղել։ Infocom-ի լրագրողի հարցին՝ արդյոք հանձնաժողովի նախագահը չի՞ պատրաստվում արձանագրությունների մատյանում այս դրվագի մասին նշում անել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ քանի որ թույլ չի տվել նայել կտրոնները, այդ իսկ պատճառով չի արձանագրվել։

Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում Infocom-ի լրագրողն արձանագրել է, որ երկու քաղաքացիներ, որոնք եկել էին ընտրության, քվեախցիկում նկատել են, որ իրենց տրամադրված քվեաթերթիկները պակասում են։ Հանձնաժողովի անդամներն առաջարկել են դրանք գցել քվեախցիկում դրված՝ անպետք թերթիկների համար նախատեսված համապատասխան արկղիկի մեջ ու ստանալ նոր թերթիկներ։ Այդ քաղաքացիները նոր թերթիկները ստացել են, քվեարկել եւ լքել տեղամասը։ 

Նույն տեղամասում մի քաղաքացու ID-ն սարքը չի ընթերցել, քաղաքացուն առաջարկվել է մեկ ժամից մոտենալ ընտրատեղամաս՝ նորից փորձելու։

Այս դրվագների, ինչպես նաեւ նույն տեղամասում մեկ քաղաքական ուժից երկու վստահված անձի՝ մի ընթացք ներկայության եւ ՔՊԿ վստահված անձի՝ ընտրությանը մասնակցած անձանց կտրոնների տուփը բացելու փորձի մասին արձանագրությունների մատյանում որեւէ նշում չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել