armtimes.com։ Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականների շարան է։ Մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը, ապա անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։
Հրաժարականների պատճառով Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 14-ի նիստը, որտեղ հրապարակվելու էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում կայացրած որոշումը, չկայացավ:
Այս ամենին զուգահեռ՝ հունիսի քսանին խորհրդարանը ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ, թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է։ Վերջինիս հետ զրուցել ենք հրաժարականների, դատական համակարգը վերահսկող մարմնում հնարավոր ճգնաժամի եւ այլ հարցերի մասին։
Պարոն Բեքմեզյան, Բարձրագույն դատական խորհրդում, որի անդամի պաշտոնում առաջադրել են Ձեր թեկնածությունը, իրար հետեւից հրաժարականի դիմումներ են գրվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված, լավ չէի՞ն աշխատում, եւ որքանո՞վ կապ ունի վարչապետի՝ դատավորներին վեթինգի ենթարկելու հայտարարության հետ։
Հրաժարականները տալիս են հարցի պատասխանը, թե ինչպես են աշխատել։ Ըստ էության՝ կապ ունի վարչապետի հայտարարության հետ, թե՝ ոչ, չեմ բացառում, ամեն դեպքում այդ հայտարարությունց հետո էական շարժեր են տեղի ունենում դատական համակարգում, Բարձրագույն դատական խորհրդում, եւ չեն կարող չկապել մեկը մյուսի հետ։
ԲԴԽ այսօրվա նիստը հրաժարականների եւ ըստ այդմ՝ քվորում չլինելու պատճառով չի կայացել։ Կարծիքներ կան, որ ողջ դատական համակարգում եւ մասնավորապես այդ համակարգի գործունեությունը վերահսկող այս խորհրդում ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվել, դատավորներին չեն կարող ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ այլն։
Իրականում ԲԴԽ նպատակը միայն պատասխանատվության ենթարկելը չէ։ Նպատակը դատական համակարգի անկախության ապահովումն է, դատավորներին պատասխանատվության ենթարկելը միայն գործառույթներից մեկն է։ Բայց իսկապես եթե երկար ժամանակ չհամալվի կազմը, ապա այո՝ կարող է խնդիր առաջանալ գործունեության հետ կապված։
Դրա համար ե՛ւ օրենսդիրը, ե՛ւ դատավորների ընդհանուր ժողովը պետք է փորձեն հնարավորինս շուտ համալրել անդամների տեղերը, եւ այնպիսի անդամներով, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից, եւ ԲԴԽ-ն կսկսի նորմալ աշխատել։ Համալրման գործընթացը օրենքի տեսանկյունից կարող է տեւել 2-3 ամիս, դրա համար պետք է շուտ սկսել։
Հայտարարվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների փուլ։ Որպես ԲԴԽ անդամի թեկնածու՝ ի՞նչ ճանապարհով եք տեսնում այդ բարեփոխումները։
Բարեփոխումների համար պետք է կիրառել բոլոր հնարավոր օրինական գործիքակազմերը, այսինքն՝ դատական համակարգի ինքնամաքրում, երբ կփորձի ինքն իր միջոցով զատել այն դատավորներին, որոնք պատրաստ չեն նոր իրողության պայմաններում աշխատել։
Այս մեկ տարվա ընթացքում ինքնամաքրում չէր լինում, որովհետեւ չկար ցնցում։ Հիմա կա ցնցում եւ կա հստակ պահանջարկ։ Եւ այս բոլոր գործընթացները, հրաժարականները դրա հետեւանքն են։ Մյուս տարբերակը ԲԴԽ եւ դատական համակարգի նորմալ, բնականոն հարաբերություններ ստեղծելն է, որը հնարավորություն կտա ԲԴխ-ին՝ իր իրավասությունների սահմաններում ապահովել դատական համակարգի նորմալ գործունեությունը։ Դատական համակարգը պետք է համալրել նոր դատավորներով։
Դա շատ կարեւոր է, որովհետեւ նոր, թարմ ուժը դրական ազդեցություն կբերի, ինչպես նաեւ պետք է կարողանալ նվազեցնել դատավորների վրա դրվող բեռը, դատական գործերի քանակը, պետք է բարձրացվեն նաեւ դատավողների աշխատավարձերը, հատկապես՝ ստորին ատյանի դատավորների, որովհետեւ իրենք իսկապես իրենց աշխատանքի համեմատ շատ քիչ են վարձատրվում։
Շարունակությունը՝ armtimes.com
comment.count (0)