ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին․ Օսմանի
13:10 - 20 սեպտեմբերի, 2023

ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին․ Օսմանի

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ երեկ ունեցած առանձին հանիպումների վերաբերյալ: 

Ինչպես նշվում է ԵԱՀԿ հաղորդագրության մեջ, Օսմանին խոր մտահոգություն է հայտնել տարածաշրջանում երեկվա ռազմական գործողությունների և դրանց հետևանքով քաղաքացիական բնակչության համար ստեղծված վտանգների վերաբերյալ: Նա կոչ է արել անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ևս մեկ անգամ իր մտահոգությունն է հայտնել հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների կապակցությամբ: Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակա լինեն և մարդկանց հումանիտար կարիքները պետք է բավարարվեն: 

Օսմանին նաև ընդգծել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը մշտապես և ամբողջապես անընդունելի են, և որ բարեխղճության վրա հիմնված շարունակական, կառուցողական երկխոսությունը կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհն է: 

Նա վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ անձնապես և ակտիվորեն ներգրավվել, և ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին դեպի խաղաղություն ճանապարհին: Նա նաև ասել է, որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և գործիքակազմ՝ երկխոսության ֆասիլիտացման, վստահության կառուցման և համապատասխան համաձայնագրեր իրականացնելու համար, որոնք կնպաստեն երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել