Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ արցախցիների՝ Հայաստան հնարավոր տեղափոխման մասին իր երեկվա խոսքերին՝ պարզաբանելով դրանք։
«Մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ էս իրավիճակը շարունակվի։ Այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունը առկա է։ Այսինքն՝ եթե իրավիճակը չբարելավվի, էդ խնդիրը, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի։ Բայց նաև ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որ կառավարության գործընկերների հետ քննարկի մարդկանց հնարավոր հոսքի դեպքում դեպի ՀՀ, թե ինչպես, ինչով, որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին»։
Փաշինյանի խոսքով՝ արդեն իսկ ավելի քան 40 հազար տեղ նախապատրաստվել է․ «Խոսքը նաև կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի․․․ Էդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել»։
Սա, ըստ Փաշինյանի, համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ, որ մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ․ «Այսինքն՝ ԼՂ մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան Ա-ն չէ, մենք մեր գործողություններում ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները, ԼՂ բնակիչները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան»,- ասաց նա՝ հավելելով, որ ՄԱԿ ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման առանցքային շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսենսուս հենց սրա մասին էր․ «Եվ էս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»։
Հիշեցնենք՝ երեկ Փաշինյանն ասել էր, որ իրենց գնահատականն այն է, որ ուղիղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ՝ հրադադարի պայմաններում․ «Իհարկե, կան իրենց տներից տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տներ»,-նշել էր նա։
comment.count (0)