«Ժողովրդական համախմբումը» հայտարարույուն է տարածել՝ նշելով, որ սեպտեմբերի 21-ին հայտարարված հացադուլին միացել են Հայոց Ազգային Գվարդիայից Արշակ Զաքարյանը, Ստենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը, Արցախի երիտասարդներից քաղաքագետ Ապրես Բեկլարյանը, իրավագետ Տիգրան Ղազարյանը, Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը, հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը։
«Սիրելի հայրենակիցներ,
Մենք գտնվում ենք համազգային ճգնաժամի մեջ։ Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև բացարձակ դրա նպատակը չունի։ Այս պահին ամենաառաջնային խնդիրն արցախահայության անվտանգության երաշխավորումն է, որը յուրաքանչյուրիս պարտքն է։ Միայն Արցախի հայկականության երաշխավորումը թույլ կտա պահպանել մեր պետականությունը։ Ստեղծված ճգնաժամը համազգային է, հետևաբար այս ճգնաժամի հաղթահարման գործում պետք է ներգրավված լինի ազգային ողջ ներուժը, առաջին հերթին ազգի հոգևորական, մտավորական, մշակութային եւ հանրային առաջնորդները, սպորտի անվանի ներկայացուցիչներ, բժիշկներ, մանկավարժներ և սփյուռքի հայրենակիցներ։
Անխուսափելի է ազգի ընտրանու հավաքագրման գործընթացը, և հենց այս պահանջով սեպտեմբերի 21-ին, արդեն երրորդ օրն է՝ մեկնարկել ենք զանգվածային հացադուլ՝ կոչով դիմելով հոգևորականությանը, մտավորականությանը, մշակութային ոլորտի գործիչներին, մանկավարժներին, բոլորին, բոլորին, բոլորին, ոչ միայն միանալու համազգային ընդվզմանը, այլ նաև իրենց խոսքն ուղղելու հասարակությանը, արթնացնելու և կոչ անելու մասնակցել ընդվզմանը, քանի որ իշխանության հեռացման գործընթացի հետաձգումը ճակատագրական է արցախահայության համար և ճակատագրական է լինելու բոլորիս համար։ Սիրելի մտավորականներ, հոգևորականներ, մանկավարժներ, դերասաններ, գիտնականներ, բժիշկներ, սփյուռքի մեր հայրենակիցներ, այս բեկումնային փուլում, բոլորս ունենք ձեր կարիքը։
Արդեն երեք օր է՝ մենք հայտարարել ենք համազգային ընդվզում և հացադուլ, և շարունակելու ենք այն, քանի դեռ դուք լռում եք։ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին մենք ձեզ սպասելու ենք, որ միանաք և ձեր օրինակով և կոչով մոբիլիզացնեք և միավորեք հայությանը։ Այս համազգային պայքարին արդեն միացել են՝ Հայոց Ազգային Գվարդիայից Արշակ Զաքարյանը, Ստենֆորդի համալսարանի դոկտոր Արթուր Խաչիկյանը, Արցախի երիտասարդներից քաղաքագետ Ապրես Բեկլարյանը, իրավագետ Տիգրան Ղազարյանը, Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը, հեծանվասպորտի մարզիչ Արմեն Երիցյանը»։
comment.count (0)