Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Աղդամից Ստեփանակերտ է ուղարկվել SOCAR-ի վառելիքով լի 2 մեքենա։
Հայկական աղբյուրներում այս լուրը հաստատող ինֆորմացիա չկա:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Հակառակորդը, կիրառելով հրետանի, գերճշգրիտ ծանր տեխնիկա, անօդաչուներ, ավիացիա եւ հրաձգային զենքեր՝ թիրախավորել է ոչ միայն դիրքերն ու ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը։ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Այդուհանդերձ, հաղորդվել է, որ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների։ Կան զոհեր և վիրավորներ․ թիվը դեռևս վերջնական չէ։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։
comment.count (0)