«Ոչ ենք ասում այս ապազգային կառավարությանը». «Միասնական Վարդենիս» խմբակցությունը միանում է համազգային գործադուլին |news.am|
19:24 - 24 սեպտեմբերի, 2023

«Ոչ ենք ասում այս ապազգային կառավարությանը». «Միասնական Վարդենիս» խմբակցությունը միանում է համազգային գործադուլին |news.am|

news.am: Վարդենիսի «Միասնական Վարդենիս» խմբակցությունը միանում է համազգային գործադուլին եւ պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը։ Այս մասին հայտարարել է «Միասնական Վարդենիս» խմբակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը։

«Մեր խմբակցությունը ոչ է ասում այս ապազգային կառավարությանը եւ պահանջում է այս կառավարության հրաժարականը։ Արցախը ընկավ, ոչ Արցախը հանձնեցին։ Այսօր Արցախում օրհասական վիճակ է։ Մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։ Արցախի մի շարք գյուղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին եւ մանուկներին, տղամարդկանց եւ կանանց։ Այսօր Արցախի հայ մայրերը բացի գերխնդրից առավել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար։ Արցախի մեր հայրենակիցների օգնություն աղերսող հայացքներն ուղղված են դեպի մայր Հայաստան։

Իսկ Հայաստանի Հանրապետության ապազգային կառավարությունը Արցախը համարում է Ադրբեջան եւ հրաժարվում է հային պաշտպանելու պարտականությունից։ Բոլորս նրանց, ովքեր համարում են, որ հանձնելով Արցախը կփրկեն Հայաստանը, ասեմ, որ հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը եւ հետո Երեւանը։ Այն կառավարությունը, որը պարտավորություն չունի արցախցու հանդեպ, երբեք պարտավորություն չի ունենա վարդենիսցու, սյունեցու, երեւանցու նկատմամբ։ Ավելի քան 10 միլիոն հայի պատիվն ու արժանապատվություն պահողը 120 հազար արցախցին է»,- ասել է նա։

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ կասկած չկա, որ հաջորդ թիրախը Վարդենիսն է. «Հարգելի վարդենիսցիներ, եկել է սթափվելու եւ գործելու ժամանակը։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունը, սահմանամերձ լինելու հանգամանքը, զինվորականների եւ ռազմական տեխնիկայի տեղաշարժի անհրաժեշտությունը, կոչ եմ անում ձեզ՝ զերծ մնալ ճանապարհներ փակելու գործողություններից, փոխարեն կոչ եմ անում՝ երկուշաբթի օրը միանալ համազգային գործադուլին եւ դասադուլին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել