Հստակեցվել են Արցախից բռնի տեղահանվածներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները․ ԵՊՀ
14:26 - 25 սեպտեմբերի, 2023

Հստակեցվել են Արցախից բռնի տեղահանվածներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները․ ԵՊՀ

ԵՊՀ-ում այսօր ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետների դեկանների ու ստորաբաժանումների ղեկավարների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ հստակեցվել ու մասնավորեցվել են ԵՊՀ ներուժն ու ռեսուրսները և Արցախից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին առավելագույնս արդյունավետ աջակցելու եղանակները։ Այս մասին հայտնում են ԵՊՀ մամուլի ծառայությունից։ 

«Այս պահին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։

Մասնավորապես՝ ակնկալվում է ձևավորել աշխատանքային 6 խումբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։

Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով:

Առանձին խմբեր էլ աշխատելու են իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։

Տեղեկացնում ենք նաև, որ ԵՊՀ-ն գործընթացն առավել համակարգված կազմակերպելու նպատակով ակտիվորեն հաղորդակցվում է պետական մի շարք գերատեսչությունների հետ։

Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում աշխատող մեր տեղեկատվական թիմի անդամներին՝ գրանցման և աշխատանքային խմբերին միանալու համար»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել