Բռնի տեղահանվածների կարիքները գնահատվում և փոխանցվում են պատասխանատուներին․ Զառա Մանուչարյան
 |hetq.am|
14:49 - 25 սեպտեմբերի, 2023

Բռնի տեղահանվածների կարիքները գնահատվում և փոխանցվում են պատասխանատուներին․ Զառա Մանուչարյան |hetq.am|

hetq.am: Արցախից բռնի տեղահանված մոտ 5000 քաղաքացի արդեն տեղափոխվել է Հայաստան։ Նրանց կարիքների գնահատման և սոցիալական օգնության հարցերի վերաբերյալ «Հետքը» զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանի հետ։

-Տիկին Մանուչարյան, այս պահին ի՞նչ միջոցառումներ են իրականացվում նախարարության կողմից։

-Երեկ էլ հայտարարել էինք, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները Հայաստան մուտք գործելուց անցնում են Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանով։ Այնտեղ աշխատում է ԼՂ ճգնաժամի հաղթահարման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որում ներառված են նաև նախարարության միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները։ Նախարարության ուղիղ մասնակցությունն այս փուլում իրականացվում է հենց կայանում և Գորիսում գործող դրամատիկական թատրոնում, որտեղ իրականացվում է քաղաքացիների առաջնային կարիքների գնահատումն ու հաշվառումը։ Նախարարության կողմից գործարկվել է հարթակ՝ e-soc.am, որտեղ քաղաքացիներն ինքնուրույն կարող են լրացնել իրենց կարքիների մասին հայտ։ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների միջոցով ևս լրացնում են հայտը։ Առաջնային կարիքի պարագաների մասին է խոսքը՝ սնունդ, հագուստ, եթե կացարանի հարցը դեռ չի լուծվել կացարանի անհրաժեշտության մասին կարող են նշել, եթե կան երեխաներ, հաշմանդամությւոն ունեցող անձինք, եթե կան տարեցներ, ովքեր առանձին ծառայությունների անհրաժեշտութուն կունենան այդ մասին ևս կարողանում են հայտում լրացնել։ Այդ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինում և՛ մեր սոցաշխատողների համար, և՛ մարզապետարանի, և՛ համայնքապետարանների համար, ում կողմից պետք է բավարարվեն կարիքները։

-Տվյալները հավաքվելուց բացի, տեղում քաղաքացիներին ուղղորդողներ կա՞ն։

-Քաղաքացիները երբ մուտք են գործում ՀՀ, անցնում են այդ կայաններով (Կոռնիձորի, Գորիսի)։ Բացի դրանից, որ իրենք հենց տեղում կկարողանան սոցաշխատողների միջոցով հայտը լրացնել, իրենք կարող են առանձին էլ լրացնել, նախապես էլ լրացնել, պարտադիր չէ, որ սոցծառայության կողմից լրացվի։ Կարիքների մասին տեղեկատվությունն անմիջապես հայտը լրացվելուց հետո բոլորի համար հասանելի է լինում։

-Գիտենք, որ մարդկանց հոսքը շատանում է, Գորիսում կեցության հարցեր են առաջ գալիս։ Նախարարությու՞նն է մարդկանց կեցավայրերը գտնելու աշխատանքը կոորդինացնում, թե՞ մարզպետարանի և ՏԻՄ–ի ներկայացուցիչներն են դա անում։

-Մարզպետարանի, ՏԻՄ-երի միջոցով են աշխատանքներն իրականացվում, որոնք համակարգվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

-Այսինքն՝ Աշխատանքի և սոցիալական հարցների նախարարության անելիքն է տվյալները հավաքել, կարիքները գնահատել, իր ոլորտին առնչվող աշխատանքներն անել, իսկ մնացած մասը՝ մյուս գերատեսչությունները։

-Այո։ Սկզբում ես նշեցի, որ հումանիտար կայանում միջգերատեսչական համագործակցություն է։ Մենք մենակ չենք, այնտեղ մարզպետարանի աշխատակիցներն են, միգրացիոն ծառայության, համայնքի գործընկերներն են։ Յուրաքանչյուրն իր լիազորության շրջանակում անում է իր աշխատանքը։

-Տեսեք, հիմա մարդիկ կան, որ լրացնում են կարիքների հայտերը, ժամանակավոր կացարան է տրամադրվում, բայց կան մարդիկ, որոնք դուրս են գալիս Արցախից ու գալիս են այլ բնակավայրեր, նաև Երևան։ Նրանց ի՞նչ է սպասվում։

-Այդ քաղաքացիների հաշվառումը միգրացիոն ծառայության տիրույթում է։ Մենք ամեն ինչ փորձում ենք անել, որ մեր տիրույթից մարդ դուրս չմնա, որովհետև երբ որ կայանով անցնում են, քաղաքացիներ կան, որ չունենալով կեցության այլ հնարավորություններ, որոշում են տեղավորվել պետության առաջարկած կեցության վայրերում, իրենք ամբողջությամբ պետության տեսադաշտում են մնում։ Կան նաև քաղաքացիներ, որոնք անցնում են կայանով և դուրս են գալիս, այսինքն՝ գալիս են Երևան կամ ցանկացած այլ տեղ, որտեղ ունեն կեցության հնարավորություն, իրենց կարիքներն էլ ենք փորձում հաշվառել։ Որովհետև քաղաքացին կարող է ունենալ կեցության վայր, բայց ունենա սննդի, հագուստի և այլնի կարիք, հաշվառվում են, որպեսզի մեր բազաներում իրենց տվյալները լինի։ Տեղում ինֆորմացիոն թերթիկներ են տրվում, որպեսզի ցանկացած դեպքում, երբ կայանից դուրս են եկել և ունեն իրենց հետաքրքրող հարց սոցիալական կարիքների վերաբերյալ, մեր միասնական սոցիալական ծառայության թեժ գիծը՝ 114-ը, 24 ժամ աշխատում է ու եթե քաղաքացին ցանկանա իր կարիքների վերաբերյալ օնլայն հայտ լրացնել, որը չկարողանա, հեռախոսազանգով սոցաշխատողի միջոցով կապի կարող է դուրս գալ և լրացնել անհրաժեշտ հայտը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել