Ադամ Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին
 |aysor.am|
10:28 - 26 սեպտեմբերի, 2023

Ադամ Շիֆը կոչ է արել Բայդենի վարչակազմին օդային ճանապարհով տարհանել ԼՂ-ում պայթյունից տուժածներին |aysor.am|

aysor.am: ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առանց հապաղելու մարդասիրական օգնություն տրամադրել Արցախում պայթյունի հետևանքով տուժածներին, որոնք այս պահին Ստեփանակերտում չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն։ Այս մասին Շիֆը գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։

«Իմ գրասենյակն ուշադիր հետևում է Արցախում զարգացող իրադրությանը։ Խիստ մտահոգիչ են տեղեկությունները պայթյունի հետևանքով հարյուրավոր վիրավորների մասին։ Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին անհապաղ մարդասիրական օգնություն ուղարկել և օգնել տուժածներին օդային ճանապարհով տարհանելու հարցում։ Նախագահ Ալիևը պետք է առանց նախապայմանների ու սահմանափակումների թույլ տա օգնության ազատ հոսքը»,- նշել է Ադամ Շիֆը։

Հիշեցնենք՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ըստ Արցախի ԱՆ-ի՝ 290 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է բուժհաստատություններ, 7 հիվանդ մահացել է հիվանդանոցում, 13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։  Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։

ՀՀ ԱՆ-ն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայտնեց, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի Ստեփանակերտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել