Վերապրելով տեղահանությունը
20:24 - 27 սեպտեմբերի, 2023

Վերապրելով տեղահանությունը

Այսօր սեպտեմբերի 27-ն է 2023 թվականի։ Այսինքն՝ 44-օրյա պատերազմից երեք տարի անց, այսինքն՝ 2022թ․ սեպտեմբերյան պատերազմից մեկ տարի ու մի քանի օր անց, Արցախի վրա Ադրբեջանի նոր հարձակումից՝ օրեր անց։ Արցախահայության տեղահանություն՝ հիմա։ Հիմա, երբ ես գրում եմ սա, իմ առաջ նստած է արցախցի մի տղամարդ՝ գրկին՝ մի երեխան, կողքին՝ մյուս։ Նա անընդհատ համբուրում է իր շեկլիկ տղայի գլուխը, նա երեւի մտածում է՝ հիմա ո՞ւր գնալ։ 

Այսօր, որ հաշվվում է իբրեւ 2023 թվականի սեպտեմբերի 27, կամ որ նույնն է՝ 21-րդ դարի հերթական աշուն, որեւէ մեկը, բացարձակապես որեւէ մեկը չի կարող հասկանալ արդեն րոպեներ շարունակ անթարթ հայացքով իմ հետեւի պատին նայող կնոջը, որ չի հասցրել անգամ սանրել մազերը, նրա դստերը, որ ափով փակել է դեմքը ու չի շարժվում, եւ նրանց տարեց պապիկին, որ տոտիկ-տոտիկ հազիվ հասնում է աթոռին ու փլվում վրան։

Արցախի վրա հարձակումից հետո մեր հայրենակիցները ստիպված թողնում են իրենց տները։ Արդեն երկու օր է՝ նրանք հազարներով գալիս են Գորիս, երեկվանից արդեն՝ նաեւ Վայք․ այս քաղաքներում են տեղակայված նրանց ընդունման կետերը։ Երեւանից Վայք ճանապարհին երկու ուղղություններով էլ պատահում են մեքենաներ, որոնց վրա մանր ու մեծ բեռներ են կապված, մեկի վրա՝ անկողին, մեկի վրա պայուսակներ՝ հավանաբար հագուստով լցված։ Դեպի Երեւան ճանապարհին փչացել է Մարտակերտցի Նելսոնի մեքենան։ Նա մեր օգնության առաջարկից ազդվում է, մի քանի անգամ շնորհակալություն հայտնում, բայց վստահեցնում է, որ շուտով վարպետ է մոտենալու՝ մեր ճանապարհը հանգիստ գնանք։ Նելսոնն ընտանիքին մի քանի օր առաջ է հանել, հիմա գնում է նրանց մոտ։

Նելսոնի մեքենան

Վայքի մշակույթի տունը հիմա մշակույթի հետ աղերս ունի այնքանով, որ ընդունում է իրենց մշակութային (ու ոչ միայն) ինքնությունը պահելու համար տասնամյակներով կռիվ տված արցախահայերին, որոնք այսօր անորոշության, ցավի, տառապանքի, հուսալքության, անզորության, անմխիթարության, ու էլ հոմանիշներ չեմ գտնում, թե ինչ վիճակում հարյուրներով գալիս են այստեղ՝ մի տանիք գտնելու հույսով։ 

Վայքի մշակույթի տանը հաշվառում են տեղահանված արցախցիներին, առաջնային կարիքների գնահատում անում, տրամադրում հասցեներ։ Ով չունի անձնական փոխադրամիջոց, համայնքապետարանն ու մարզպետարանը փորձում են տրամադրել։ 

Միջանցքի մի անկյունում դրված հնամաշ նստարանին նստած է մի տարեց կին, որն անհանգիստ սեղմում է ձեռքերը։ Մոտենում, ձեռքերը բռնում եմ, հարցնում՝ որտեղի՞ց է եկել, ասում է՝ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից։ Մալինա տատիկն է․ նա երկրորդ նախադասությունից հետո միանգամից ասում է՝ ոչ մեկին չի ցանկանա այնքան դժվար կյանք, որքան իրենն է․ ողբերգական մահով կորցրել է ամուսնուն, որդին կաթվածից է մահացել, հիմա էլ լքում է տունը, երեւի էլ հետ չգնա։ Թեպետ արցունքների արանքից մի կերպ ժպտալով ասում է՝ բայց դե բանալիները պահել ենք․․․

Մալինա տատը

«Ողբերգություններ տարա ես․․․ Շատ վատ տարա, բայց պայքարեցի, որպեսզի շարունակեմ ապրել, քանի որ թոռներ ունեի․․․ Տեսանք ձայները լսվեցին [վերջին հարձակման ժամանակ պայթյունների ձայները], ասեցինք՝ վայ, նորից ա պատերազմ սկսվում, նորից են էս թուրքերը հարձակվում, եւ ճիշտ դառավ։ Նույնիսկ վախը չէր թողնում պադվալներում մնալ։ Մարտակերտից դուրս եկանք, ասացին՝ Հորաթաղը՝ քոչած, Մեծ Շենը՝ քոչած, մենք էլ պիտի դուրս գայինք։ Քիչ-միչ բան վերցրինք, հնարավոր չէր շատ բան վերցնել, էդ տենց եկանք-հասանք։ Ահավոր մեծ դժվարություններով եկանք, պրոպկաները էնքան շատ էր, անձրեւ էր գալիս, ռուսները չեն օգնում, խնդրում էինք, բան էինք անում․․․ Շատ դժվարությամբ վերջապես հասանք, հասանք, ասեցին՝ էդ գրանցումների տոչկան ստեղ ա։ Էս ա երկու օր ա ստեղ ենք»,- ասում է Մալինա տատը։ Նրա թոռներն էլ երեւի այսօր կգան Ստեփանակերտից․

«Բայց էս շրջափակումը մեզ կոտորեց, մեզ հիվանդացրեց, երեխաներին հիվանդություն պատճառեց, ուտելու ոչ մի բան չկար, էն փոքրերը մի կոնֆետի համար․․․ Թեկուզ մեծն էլ ա ուզում մի կոնֆետով մի բաժակ թեյ խմի։ Թուրքը հաղթեց․․․ Հետ վերադառնալ արդեն չկա, թուրքն ընդեղ ա»,- ասում է Մալինա տատիկը։ Նրան կացարան են առաջարկել Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։

Վաֆլիների տուփերը ձեռքներին նստարանին նստած՝ իրենց հարազատին են սպասում ութամյա Տիգրանն ու տասամյա Արմանը։ Երբ սկսում ենք զրուցել, մոտենում է Արմանի հայրը (որը Տիգրանի հորեղբայրն է) ու ասում՝ բլոկադայի ընթացքում երեխեքը քաղցր ընդհանրապես չեն կերել, ու հենց դուրս են եկել, առաջին բանը, որ գնել են, քաղցրավենիքն է եղել։ Իսկ հիմա տղաներն իրենք են բաժանում մյուսներին, ու երբ ինքս կոնֆետ եմ հյուրասիրում նրանց, միաձայն ասում են՝ պահի՝ ուրիշին կտաս։ Եղբայրները վստահեցնում են՝ պատերազմից չեն վախեցել, համ էլ երբ սկսվել է, մտել են ապաստարաններ, բայց մեկ է՝ չեն վախեցել։ Միայն թե արդեն կարոտում են իրենց տունը։ Տիգրանն ամենաշատը տատիկ-պապիկի համար է տխրում, բայց, ասում է, իրենք էլ են գալու, հիմա Ստեփանակերտում են։ Տիգրանն ուզում է նկարիչ դառնալ, Արմանը՝ աստղագետ։ Նրա հայրն ասում է՝ ամեն ինչ պիտի անի, որ երեխեքը լավ կրթություն ստանան։

Տիգրանն ու Արմանը

Երբ հարձակումն սկսել է, Արմանը դպրոցում է եղել, ծնողները եկել-գտել են իրեն, երեք գիշեր միասին ապաստարանում են եղել։ Տիգրանն էլ պատմում է, որ տան մոտ արկ է ընկել, բոլոր պատուհանները ջարդվել են․ «Մի քանի մեքենաների ապակիներ էլ ջարդվել են․․․ Վերջը։ Հետո ադրբեջանցիները սկսեցին կրակել նորից, հետո վազեցինք նորից դպրոցի ապաստարանը։ Եւ վերջ»։ Եւ վերջ, եւ վերջ, եւ վերջ․․․ զնգում է օդի մեջ։

Երկու օր առաջ Ստեփանակերտից դուրս են եկել Իրինան եւ Նունեն։ Քույրերը միայն երեկ երեկոյան են հասել Գորիս, հետո եկել Վայք․ այդքան ժամանակ ճանապարհներին են եղել։ Ճանապարհ, որ մի ժամանակ մի քանի ժամում էր հնարավոր անցնել․

«Երեսունյոթ ժամ, լի։ Էրեխեքը միջին, մի կտոր հաց էինք վերցրել, ասինք՝ հեսա կհասնինք, բայց դե․․․,- պատմում է Նունեն,- ինչքան կարացալընք, իրար օգնել ենք, մեկն առանց դեղորայքի, էրեխեքը՝ սոված։ Բայց ապրեն լի, ապրեն, Հայաստանը նենց ընդունեց, լացս եկավ։ Տղերքը կանգնած ճանապարհին՝ հաց էին բաժանում, ջուր էին բաժանում, ես չգիտեմ․․․։ Տասը մետր գնում էինք գիշերը, երկու ժամ կանգնում։ Շատ վատ էին թողնում սկզբից թուրքերը, մարդկանց ուշքները գնում էր, բայց հետո, որ շատացան [մարդիկ]․․․»։ 

Նունեն

Երբ ադրբեջանցիները հարձակվել են, Նունեն աշխատավայրում՝ փոստում է եղել, ասում է՝ լավ է հասցրեց երեխային վերցնել մանկապարտեզից։ Միանգամից մտել են ապաստարան, մի ողջ գիշեր դուրս չեն եկել։ Քուրը՝ Իրինան, ասում է՝ արդեն սպասում էին, որ մտել են Ստեփանակերտ․ «Տենց էլ եղել ա․․․ Արդեն մենք սպասում էինք, որ հեսա կգան․․․։ Պադվալի մեջ, իմ երեխաս 15տ․ աղջիկ ա, ես արդեն սպասում էի, որ․․․»,- ու չի կարողանում խոսքն ավարտել, որովհետեւ արցունքները խեղդում են։ 

Քույրերը, վախը սրտներում, կարողացել են ընտանիքների հետ դուրս գալ․ նրանց ամուսինները կռվի բովով անցած մարդիկ են․․․ Բայց ստիպված են եղել «կորցնել» մեդալներն ու վկայագրերը, որ թշնամին նրանց հանկարծ չառեւանգի․ «Էդքան հավատը, էդքան հույսը, էդ ամենը տակը մտավ․․․ բան չմնաց․․․։ Հլա չենք հասկանում՝ ինչ ա կատարվում։ Ես չգիտեմ՝ էս ինչ ճակատագիր ա»։

Ահավոր է Ծովիկի տառապանքը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն ու որդուն։ Ու հիմա, ամեն ինչ, ամեն ինչ կորցրած՝ նա Ստեփնակերտից Գեղարքունիքի Մարտունի է գնացել, Մարտունուց՝ Գորիս, Գորիսից՝ Վայք, որ գտնի այն տեղը, ուր պիտի շարունակի ապրել։ Ծովիկի աղջիկը հղի է։ Հարձակումն սկսելուն պես նրանք մտել են ապաստարան, երբ կրակը դադարել է, գնացել են Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ ռուսներն իրենց ասել են՝ մի ապահով տեղ գտեք, մնացեք․ «Ես ասում եմ՝ ո՞րտեղ մտնեմ, նկուղ կա՞, որ մտնեմ, Կրկժանի տակ եմ մնում, գյուլլեքը գալիս-գնում են մեր գլխի վերեւով, ասում ա՝ մենք ի՞նչ անենք, մենք չենք կարող ձեզ ապահովել։ Եկանք, էդ օրը մնացինք ավտոյի մեջ, հետո աղջիկս վատ էր զգում, տարանք հիվանդանոց, ասացին, որ կարող է՝ ծննդաբերի, տեսանք՝ չէ, էդ օրն էլ մնացինք ավտոյի մեջ, հետո եկանք տուն, երկու օր մնացինք, հետո դուրս եկանք»,- պատմում է Ծովիկը։ Լավ է՝ գոնե ճանապարհին երկար չեն մնացել։

Մարտակերտցի Զարվարդ Առուստամյանի ամուսինն էլ արցախյան առաջին պատերազմում է զոհվել, փեսայի եղբայրը՝ այս հարձակման ժամանակ։ Նրա մարմինը չեն գտել, որ հուղարկավորեն։ Տիկին Զարվարդն էլ, հենց վերջապես հրադադար է հաստատվել օրեր առաջ, ընտանիքի հետ դուրս է եկել Արցախից։ Ողբերգության չար ստվերը նրանց ճանապարհին էլ չի լքել․ Զարվարդի քրոջ որդին Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունի վայրում է եղել, հիմա վիրավոր՝ հիվանդանոցում է։ Զարվարդն ընտանիքի հետ ապաստարանում սպասել է, ասում է՝ սոված, ծարավ․ «Ոչ մի բան չկար, անընդհատ բոմբ էին գցում, հետո [հրադադարից հետո] եկան, կազմակերպեցին, կամազներով-բանով մեզ հանեցին։ Շատ ահավոր վիճակ ա»։

Տիկին Զարվարդը

Շատ ահավոր վիճակ է։ Մարդիկ շարժվում են քաոտիկ, ներս ու դուրս են անում՝ անորոշ հայացնքերով ինչ-որ բան փնտրելով։ Երեւի ինչ-որ հայրենիք։ 

Հայարփի Բաղդասարյան

Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի, Ռոման Աբովյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել