«Սաղ կյանքը կորցրալ ընք, հինչ պա՞տմեմ․․․»․ արցախահայերի հաշվառման կետն՝ ինչպես որ է
20:48 - 28 սեպտեմբերի, 2023

«Սաղ կյանքը կորցրալ ընք, հինչ պա՞տմեմ․․․»․ արցախահայերի հաշվառման կետն՝ ինչպես որ է

Հինչ պա՞տմեմ, սաղ կյանքը կորցրալ ընք։ Այս նախադասությունն ամենաշատն է հնչում Վայքի մշակույթի տանը, որն արցախահայերի հաշվառման կետ է ծառայում այս օրերին։ Մարդկանց մեծ մասը խոսել չի ուզում, եւ դա հասկանալի է․ նրանք ամեն ինչ թողած՝ եկել ու օրեր շարունակ անորոշ սպասման մեջ են՝ ուր են գնալու, ինչ են անելու, եւ շարունակ այսպիսի հարցեր։ Եւ քանի որ շատ չի պատահում, որ հնարավոր լինի մարդկանց խոսքերն ու իրավիճակը հենց իրենց դեմքերով պատմել ձեզ, կփորձեմ նկարագրել ընդունման կետում կատարվողն ու այստեղ լսվող խոսքերը՝ դրսեւորվելով որպես հնարավորինս օբյեկտիվ դիտորդ։

Տասը ամիս հույսով ապրալ ընք, հեչ մտածալ չընք, որ սենց բաների միջով անց կկենանք

Աննկարագրելի հերթ է գոյացել ընդունման կետի սրահում եւ բակում։ Դրսում՝ հենց մուտքի մոտ, երկու նստարան կա, որոնց վրա տեղավորվում եմ ամենահոգնած մարդիկ, հետո տեղը զիջում մյուսներին։ Քիչ հեռու էլի նստարաններ կան, բայց այնտեղ ավելի քիչ մարդ է նստում, հավանաբար այն պատճառով, որ մարդիկ ուզում են մոտ լինել ու հարմար պահի գնալ հերթագրվելու, համ էլ անհարմար արեւ է։ Անընդհատ խուլ աղմուկ է լսվում, բայց փորձում ես ֆիքսել՝ ովքեր ու ինչ են խոսում, հիմնականում գետնին հառած հայացքով լուռ մարդկանց ես նկատում։ Ամեն տարիքի մարդու հնարավոր է հանդիպել՝ նորածնից մինչեւ ծերունի։ Փոքր երեխաները ժամերով ծնողների գրկին են, մի քիչ ավելի մեծերը, որ արդեն ինքնուրույն են, ով ուժ ունի՝ իրեն զբաղեցնում է, ով հոգնած է ճանապարհից ու այս ամենից, լուռ կանգնում է հարազատի կողքին։ 

Ներսում աթոռները քիչ են, մարդիկ հիմնականում ոտքի վրա են։ Կա մի դահլիճ, որը կամ լույս չունի կամ լույսերը վառող չկա, բայց քանի որ այն եւս հեռու է հերթագրման սեղաններից, այստեղ հատուկենտ մարդիկ են նստած։ «Մեջքս ջարդվեց արդեն»,- քթի տակ ասում է ժամեր առաջ ընդունման կետ հասած մի գեղեցկադեմ կին, որի գրկին անհանգիստ շարժվում է փոքրիկ տղան։ Ամուսինը նոր-նոր է հասել հերթագրման սեղանի մոտ ու դեռ հայտնի չէ՝ ինչքան ժամանակ անց կավարտվի այդ գործընթացը։ «Կուզե՞ք՝ մի քիչ գրկեմ Ձեր բալիկին, գոնե մի տասը րոպե հանգստանաք»,- առաջարկում եմ ես, բայց անօգուտ, որովհետեւ հենց ձեռքերս մեկնում եմ տղայի ուղղությամբ, նա ավելի ուժեղ է փաթաթվում մոր պարանոցին․ «Ուրիշների մոտ չի մնում է ախր»,- ասում է մայրն ու աչքերը լցնում․ «Տասը ամիս հույսով ապրալ ընք, էդքան բան ենք տեսալ, որ էդքանից հետո մեր երկրին լյավ ինի։ Հեչ մտածալ չընք, որ սենց բաների միջով անց կկենանք»,- ասում է նա ու սկսում կրծոտել շուրթերը։ Նրա դուստրը խելոք կանգնած է կողքին։ Ուզում է դիզայներ դառնալ։

- Ինչո՞ւ հաց չեք վերցնում։ - Ամաչում եմ․․․ Էս ի՞նչ օրի ընկանք․․․

Ներսում պահի տակ հրմշտոց է սկսվում, որը փորձում են կառավարել, կամավորներն ու Հայկական կարմիր խաչի ընկերության աշխատակիցներն այս ու այն կողմ եմ վազում՝ փորձելով օգնել՝ ում հնարավոր է։ Նրանցից ոմանք աշխատում են այն սեղանների մոտ, որտեղից կարելի է սնունդ ու հիգիենայի պարագաներ վերցնել։ Նրանց արագությունն իսկապես տպավորիչ է, միայն թե ինչ-որ պահից արդեն նկատելի է դառնում հոգնածությունը, որովհետեւ ժամերով անդադար շարժի մեջ են։ Սենդվիչներ են տալիս տասնյակ ժամեր մեքենաներում քաղցած մնացած մարդկանց, դրանք վերջանում են, սկսում են քաղցրավենիք տրամադրել․ «Քանի՞ հոգով եք, քանի՞ էրեխա կա հետներդ»,- հարցնում է կամավորներից մեկը ու պատասխանը լսելուն պես «սմայլիկ» թխվածքաբլիթները մեկնում արցախցի տղամարդուն։

Սյուներից մեկի կողքին կանգնած կինը լարված մի ոտքից մյուսին է հենվում․

- Չէ է, չեմ կարա խոսամ, լավ չեմ զգում,- ասում է։

- Հաց կերել ե՞ք,- հարցնում եմ։

- Չէ․․․ քանի ժամ էր ճամփեքին էինք, երեխաների հետ, հոգնած, սպասում եմ ամուսինս հերթագրվի, գա, հասկանանք՝ ինչ ենք անում։

- Ինչո՞ւ հաց չեք վերցնում, էն սեղանի մոտ տալիս են։

- Ամաչում եմ․․․ Էս ի՞նչ օրի ընկանք․․․

Երեխաս էնքան երկար ժամանակ նորմալ պեն չի կերալ, փորը խանգարվալ ա

- Վերջացրի՞ր, հը՞, վերջացրի՞ր,- զուգարանի դռան մոտից մի կին ձայնում է երեխային ու կողքին կանգնած աշխատողին ասում, - երեխաս երեք ամիս ա՝ նորմալ պեն չի կերալ, փորը խանգարվալ ա։ Թեյ, տաք շոր են առաջարկում նրանց։

Թեյն ու տաք շորը, սակայն, մարդկանց այստեղ այնքան էլ օգնել չեն կարող։ Նրանց կարիքների գնահատման գործընթացը իրականացվում է դանդաղ, եւ դրա պատճառները տարբեր կարող են լինել։ Նախ, հասկանալի չէ, թե պետությունն ինչու է միայն երկու հասցեում բացել ընդունման կետեր՝ Գորիսում եւ Վայքում, մի՞թե անհնար էր Արցախին մոտիկ այլ բնակավայրերում եւս հատկացնել համապատասխան տարածքներ, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթանային։ Մյուս պատճառն այն է, որ Վայքում, ինչպես եւ Գորիսում՝ մեր թղթակցի հաստատմամբ, հատկվացված դահլիճները փոքր են․ շատ մարդիկ, նրանց անհամապատասխան աշխատակիցներ։ Հասկանալի է, իհարկե, որ մեր հայրենակիցների տեղահանության նման մասշտաբների պարագայում գուցե հնարավոր չէ մեկը մեկին տվյալներ գրանցող գտնել, բայց առնվազն աշխատողների աշխատանքն էլ ավելի հեշտ կլիներ, մարդիկ էլ ավելի հարմար պայմաններում սպասելու հնարավորություն կունենային։ Բացի դրանից, որքան էլ ջանասիրաբար են աշխատում կամավորները, միեւնույն է, մարդկանց մեծամասնությունը մինչեւ իր համար նախատեսված կացարանը հասնելը շարունակ անցնում է անհարմարություններով։ Մարդիկ գիշերն էլ մնում են շենքի մոտ կանգնած։ 

Ոմանց նյարդերը տեղի են տալիս։ Մի կին պարզապես չի դիմանում ու մի կողմ է հրում գրանցվողների ու սպասողների միջեւ այսպես ասած սահման հանդիսացող սեղաններն ու վազում դեպի համակարգիչները։ Երեխաների լացի ձայն է լսվում անընդհատ։ Ծնողները երբեմն չեն դիմանում ու սաստում են նրանց։ Տղամարդիկ աշխատում են ավելի քիչ խոսել։ Բայց նրանցից մեկը չի դիմանում եւ ինձ դիմելով վրդովված՝ հարցնում է՝ ինչո՞ւ են արցախցիներին միայն կամ Կապան ուղարկում, կամ Վարդենիս, կամ Տավուշի մարզ, կամ Մեղրի, մի խոսքով՝ սահմանին մոտ բնակավայրեր։ Մարդիկ ակնհայտորեն վախեցած են, նրանք չեն ուզում եւս մեկ անգամ ուղիղ կրակի տակ հայտնվել։ Մի տեղից լսվում է՝ «Լոխ Փաշինյանն ա արալ, խե՞ չես ըյուրան հարցնում․․․», «Է դե, այ մարդ, ինչ ես ուզում, էս աղջիկն իրա գործն ա անում, հինչ ա՞նիս»

Մարդկանց տրամադրում են կացարանների հասցեներ, բնակավայրերի անուններ։ Ծովինար գնացողներն իրենց մեքենային են սպասում, Ախուրյան գնացողները՝ իրենց, ու այսպես շարունակ։ Ու այդ սպասումը, դարձյալ, միջանցքներում, նստարաններին, աստիճաններին։ «Ախուրյան գնալու համար գրանցվածները մոտենան ստեղ»,- բարձրախոսով լսվում է կամավորներից մեկի ձայնը։ Կարծես թե մեքենան արդեն հասել է։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել