ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հարցը ևս դասվում է Հռոմի ստատուտին ենթակա հանցագործությունների շարքին. Եղիշե Կիրակոսյան
 |armenpress.am|
11:40 - 28 սեպտեմբերի, 2023

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հարցը ևս դասվում է Հռոմի ստատուտին ենթակա հանցագործությունների շարքին. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու հարցը։ Նախագիծը ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ով հիշեցրեց, որ  կառավարությունը Հռոմի ստատուտին վերաբերվող նախագծին հավանություն է տվել դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին։

«Այդ պահին նախագծին հավանություն տալը պայմանավորված էր 2022 թվականին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ ագրեսիայով և ագրեսիայի ընթացքում կատարված մի շարք կոպտագույն  հանցագործություններով։ Կհիշեք՝ Սև լճի շրջանում տեղի ունեցած հայ զինծառայողների զազրելի գնդակահարությունը և այլ պատերազմական հանցագործությունները»,-ասաց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝  միջազգային քրեական դատարանը իրավազորություն ունի պատասխանատվության ենթարկել մի շարք հանցագործությունների համար, մասնավորապես՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ռազմական ագրեսիայի։

«Ցավոք, այս նախագծի անհրաժեշտությունը կրկին հիմնավորվում է այն իրադարձություններով, որոնք տեղի են ունենում նաև այսօր և Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները բռնի տեղահանվում են և գալիս են Հայաստան։ Կարծում ենք, որ սա ևս Հռոմի ստատուտի ենթակա հանցագործությունների շարքին է դասվում»,-ընդգծեց Կիրակոսյանը։

Ըստ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի՝ Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանն ամբողջությամբ անդամակցել Միջազգային քրեական դատարանին։

«Պարզ է, որ հիմնական թիրախը Ադրբեջանի կողմից կատարվող հանցագործությունների պատասխանատվության համար նոր լրացուցիչ միջազգային իրավական մեխանիզմ գործարկելն է, նաև Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ կանխարգելիչ մեխանիզմ ունենալն է։ Վստահ ենք, որ կանոնադրության վավերացումը կստեղծի ևս մեկ լրացուցիչ իրավական կանխարգելիչ մեխանիզմ Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնադրության իրավազորությանը ենթակա ծանրագույն հանցագործությունների կատարումը կանխարգելելու տեսանկյունից։ Սա պակաս կարևոր նպատակ չէ անվտանգության խնդիրները լուծելու առումով»,-ասաց Կիրակոսյանը։

 Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: 

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել