1lurer.am: ԼՂ-ից Հայաստան մեքենաների հոսքը շարունակվում է: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում հայտնեց ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
«Բացի հումանիտար աղետից, ԼՂ-ում կար նաև վառելիքի սուր խնդիր, մեքենաները մի կերպ են հասնում Հակարիի կամուրջ և այն անցնում. մենք տեղադրել ենք մի քանի կետ, որտեղ տրամադրում ենք բենզին, որպեսզի կարողանան հասնել Գորիս և մյուս համայնքներ»,- ասաց նա:
Գորիսում հաշվառում անցնելուց հետո տեղի ունեցող գործընթացներին անդրադառնալով` փոխնախարարը նշեց.
«Այստեղ մենք տեսնում ենք հումանիտար աղետի բոլոր դրսևորումները` սկսած սովածությունից, վերջացրած առողջապահական խնդիրներով, սոցիալական խնդիրներով, հոգեկան խանգարումներով, մարդիկ սեպտեմբերի 19-ից հետո նկուղում էին, այդ ահաբեկումից հետո մարդիկ դեռ շոկային վիճակում են, իրենց հետ տեղում աշխատում են հոգեբանները, բժիշկները, տրամադրվում է դեղորայք, հիգիենայի պարագաներ, մանկական սնունդ: Կրկնում եմ` տեսնում ենք հումանիտար աղետի բոլոր դրսևորումները` իրենց ցավալի հետևանքներով»,- ասաց նա:
Հարությունյանը տեղեկացրեց, որ համայնքներում ակտիվ աշխատանք է ընթանում` 24/7 ռեժիմով, փորձում են մեր հայրենակիցներին տրամադրել պայմաններ, որ ավելի արագ կարողանան վերադառնալ կյանքի սովորական հուն: Փոխնախարարի խոսքով` կառավարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով` բոլոր խնդիրների լուծումներն ապահովելու համար:
comment.count (0)