Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Հայկ Մարության |news.am|
23:17 - 28 սեպտեմբերի, 2023

Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Հայկ Մարության |news.am|

news.am: Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների: Այս մասին հայտարարություն է տարածել  Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նիստին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի եւ գնանք ավագանու նոր ընտրությունների»,-ասել է նա:

Մարությանը բացատրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ  «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները՝ Արտակ Գալստյանը եւ Տիգրան Ուրիխանյանը ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին, այդ իսկ պատճառով հնարավոր չի դառնում ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը:

Նա հայտնել է, որ մամուլից տեղեկացել է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության  մասին, որով հայտարարել են, որ չեն գնում նիստին, որպեսզի քվորում չապահովեն եւ գնան նոր ընտրությունների:

«Այստեղ միայն  մնում է «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե այս կուսակցությունը նույնիսկ մեկ հոգով գնա եւ ներկա գտնվի նիստին, կարող է ոչ մեկին չքվեարկել, ձեռնպահ լինել եւ այլն, ապա նիստը կկայանա եւ կընտրվի իշխանական թեկնածուն։ Եթե «Հանրային ձայն»-ը չի գնում նիստին, նիստը չի կայանա եւ իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում: Սա այն երկու տարբերակն է, որն ունի «Հանրային ձայն» կուսակցութունը, որոշումն իրենք կկայացնեն, թե ինչպես կանեն, իսկ ձեզ սիրելի երեւանցիներ կխնդրեմ ուշադիր հետեւել բոլոր կուսակցությունների գործողություններին, ոչ թե նրանք ինչ են ասում, այլ՝ ինչ են անում»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք աթոռակռվով չեն զբաղվում, այլ  հակառակը՝ «սկզբունքակռվով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել