Սահմանը հատած և փաստաթուղթ չունեցող անձինք նույնականացումն անցնում են բնակչության ռեգիստրի միջոցով. Արմեն Ղազարյան
 |1lurer.am|
10:11 - 29 սեպտեմբերի, 2023

Սահմանը հատած և փաստաթուղթ չունեցող անձինք նույնականացումն անցնում են բնակչության ռեգիստրի միջոցով. Արմեն Ղազարյան |1lurer.am|

1lurer.am: Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Տեղեկացվել է, որ ժամը 20:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի սահմանը հատել է 76 հազար 407 բռնի տեղահանված անձ, Հակարիի կամուրջը հատել է 15 հազար 914 տրանսպորտային միջոց: Ժամը 19:00-ի դրությամբ հաշվառվել է շուրջ 55 հազար 248 անձ:

Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է ևս մեկ կարևոր տեղեկություն, ըստ որի՝ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի հատկացնել 100 հազարական դրամ՝ անկախ նրանց տարիքից և սեռային պատկանելիությունից:

Ներկայացված այլ տեղեկության համաձայն, 17 հազար 153 անձ օգտվել է Հայաստանի կառավարության կողմից տրամադրված կեցավայրերից: Նախորդ օրվա ցուցանիշը 8 հազար 36 էր: Արագածոտնի մարզում տեղաբաշխվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3 հազար 665 անձ, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4 հազար 156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում՝ 1958, Վայոց Ձորի մարզում՝ 1070 անձ, Տավուշի մարզում՝ 797 անձ:

Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ հաշվառման գործընթացը խիստ նպատակային է, քանի որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք հնարավորություն կունենան օգտվելու պետության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից: Վարչապետի մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ բոլոր ծրագրերին կարելի է ծանոթանալ irazekum.am կայքի միջոցով:

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ հաշվառված անձանցից 26 հազար 575-ն արական սեռի են, 28 հազար 670-ը՝ իգական: Հաշվառվածների թվում կա 1172 հաշմանդամություն ունեցող անձ և 133 հղի: Հաշվառվածների մեծ մասը Ստեփանակերտից են՝ 27 հազար 408 անձ, Մարտակերտի շրջանից 10 հազարից ավելի անձ, Ասկերանի շրջանից՝ 7 հազար 500-ից ավելի անձ, Մարտունու շրջանից շուրջ 7 հազար անձ, և այսպես շարունակ:

Արմեն Ղազարյանը նաև նշել է, որ սահմանը հատած և փաստաթուղթ չունեցող անձինք նույնականացումն անցնում են բնակչության ռեգիստրի միջոցով:

Նախնական կարիքների գնահատման գործընթացի արդյունքում ստացված տվյալները, ըստ Արմեն Ղազարյանի, փոխանցվում են համապատասխան գերատեսչություններ հաշվառված անձանց հետագա մասնագիտական զբաղվածության, կրթության, տարեցների խնամքն ապահովելու նպատակով:

Առողջապահական տվյալներ ներկայացնելով՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ տարբեր առողջապահական հաստատություններում իրենց բուժումը շարունակում է 342 բուժառու, վերակենդանացման բաշանմունքներում գտվում է 11 երեխա, որից 4-ը նորածին է: Ընդհանուր առմամբ՝ մինչև 18 տարեկան շուրջ 16 հազար երեխա է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: Հայաստան են տեղափոխվել նաև Լեռնային Ղարաբաղի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ, որոնք իրենց համապատասխան բուժումը շարունակում են Առողջապահության նախարարության հիմնարկներում:

Սոցիալական ոլորտի հետ կապված` Նազելի Բաղդասարյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 հեռախոսահամարն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, որը գրանցել է 8 հազար 200 զանգ: Առաջնային կարիքների հաշվառման հարթակը շարունակում է գործել, այստեղ գրանցված է 10 հազար 600 հայտ: Առաջնային կարիքների գնահատման համար գործում է e-soc.am կայքը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է նաև կամավորների հավաքագրում kamavor.mlsa.am կայքի միջոցով, որտեղ արդեն լրացվել է 860 հայտ: Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզում նույնպես ռեսուրսների հավաքագրում է տեղի ունենում, և այս պահին 180 կազմակերպություն լրացրել է հայտը:

Նազելի Բաղդասարյանը նշել է, որ այսօր կառավարության նիստում շուրջ 350 մլն դրամ է հատկացվել մարզերին՝ պարենային և առաջնային խնդիրները լուծելու նպատակով:

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Գորիսում տեղակայված 35 ավտոբուսներն արդեն հասել են Ստեփանակերտ՝ այնտեղից բռնի տեղահանված բնակիչներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու նպատակով: Նրանք այն բնակիչներն են, ովքեր ունեն տրանսպորտային միջոցի խնդիր և չեն կարողանում տեղափոխվել Հայաստան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել