Եվլախում մեկնարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը
15:23 - 29 սեպտեմբերի, 2023

Եվլախում մեկնարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը

Եվլախում մեկնարկել է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ապա» լրատվական գործակալությունը։

Մինչ այս կողմերը հանդիպել են երկու անգամ։ Երկրորդ հանդիպումը կայացել էր Իվանյանում (Խոջալու)։

2023թ․ սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի․

«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական   հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։

Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում ԼՂ-ում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անհատական   որոշում կայացնելու նպատակով»։

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով։ Հակառակորդը, կիրառելով հրետանի, գերճշգրիտ ծանր տեխնիկա, անօդաչուներ, ավիացիա եւ հրաձգային զենքեր՝ թիրախավորել է ոչ միայն դիրքերն ու ռազմական օբյեկտները, այլ նաեւ քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները եւ խաղաղ բնակչությանը։ Պաշտպանության բանակը օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել է, որ ՊԲ ստորաբաժանումները համառ դիմադրություն են ցույց տալիս: Այդուհանդերձ, հաղորդվել է, որ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների։ Կան զոհեր և վիրավորներ․ թիվը դեռևս վերջնական չէ։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 13:00-ի շրջանակում, Արցախից հաղորդել են, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ Արցախից պետք է դուրս բերվեն «Արցախում մնացած ՀՀ զինված ուժերը», պետք է զինաթափվեն ՊԲ ստորաբաժանումները, Արցախի տարածքից պետք է դուրս բերվի ողջ տեխնիկան եւ սպառազինությունը եւ ուտիլիզացվի։ Իսկ ԼՂ հայերի՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշված վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության պաշտպանության, ինչպես նաև Ադրբեջանի Սահամանադրության շրջանակում ԼՂ բնակչության կենսագործունեության ապահովման վերաբերյալ հարցերը կքննարկվեն։

Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը՝ այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակել է թիրախավորել Ստեփանակերտը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել