panorama.am: «Հայաստանի իշխանությունը հավանաբար հույս ուներ, որ Ադրբեջանն իր արյան ծարավը կլրացնի միայն Արցախով։ Բայց Ալիևի երեկվա դեմարշը ցույց տվեց, որ նրանք միայն Արցախով չեն բավարարվելու ու լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանին, ինչի մասին մենք տարիներ ի վեր զգուշացնում ենք»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակացական գործիչ Արթուր Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով, ամենայն հավանականույթամբ առաջնային պահանջը եղել է այսպես կոչված անկլավների վերաբերյալ։
«Դրա «լեգիտիմությունն» Ադրբեջանին տվել է կամ նրա բերանը լեզու է դրել Փաշինյանը, նրա խմբակցության անդամները։ Իհարկե, եղել է նաև միջանցքի խնդիրը, որքան էլ Իրանը չհերքի, որ համաձայնվել է, որ երկաթգծի մի ճյուղ անցնի իր տարածքով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Խաչատրյանն ամփոփեց՝ եթե Փաշինյանը կարծում էր, որ կտա Արցախն ու կփրկի Հայաստանը, ապա հիմա տեսնում է, որ այդպես չէ, Ալիևի դեմարշը դրա հետևանքն է։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում պետք է կայանար Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԵՄ-ի առաջնորդների հնգակողմ հանդիպումը։ Սակայն հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը իր մասնակցությունը չեղարկել է։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ պատճառն այն էր, որ ադրբեջանական կողմը պնդել է նաև Թուրքիայի մասնակցությունը, սակայն Ֆրանսիան և Գերմանիան առարկել են։
comment.count (0)