Հայաստանի դեմ ադրբեջանցիների դիմումները ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել ու մերժել
 |hetq.am|
18:50 - 05 հոկտեմբերի, 2023

Հայաստանի դեմ ադրբեջանցիների դիմումները ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել ու մերժել |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր՝ հոկտեմբերի 5-ին հրապարակել է մեկ վճիռ և երեք որոշում հօգուտ Հայաստանի Հանրապետության: Դիմումատուները եղել են Ադրբեջանի քաղաքացիներ:

Գուրբանովն ընդդեմ Հայաստանի գործով դիմումատուն նշել է, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տեղի են ունեցել ռազմական բախումներ։ Դիմումատուի որդին՝ Չինգիզ Գուրբանովը (ծնված 1994թ.), եղել է Ադրբեջանի Զինված ուժերի զինծառայող, սպանվել է մարտերում, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ։

2017թ. փետրվարի 5-ին՝ դիմումատուի որդու մահից 38 օր անց, Կարմիր խաչի միջոցով նրա մարմինը վերադարձվել է Ադրբեջանին և հանձնվել ընտանիքին:

Հայաստանի կառավարությունը հայտնել է, որ 2016թ. դեկտեմբերի 29-ին՝ վաղ առավոտյան, Չինգիզ Գուրբանովը սպանվել է ռազմական բախման հետեւանքով, որը տեղի է ունեցել հայկական տարածքում: Ադրբեջանական դիվերսիոն խումբը, որի անդամ է եղել Չ. Գուրբանովը, ներթափանցել է Հայաստանի տարածք։ Բախման հետեւանքով զոհվել են նաև ՀՀ Զինված ուժերի երեք զինծառայողներ (Շավարշ Մելիքյան, Էդգար Նարայան և Էրիկ Աբովյան)։

Նույն օրը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴԿ) համապատասխան դրույթների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ միջսահմանային միջադեպի առթիվ։ Այնուհետև Հայաստանի քննչական մարմինները կատարել են հանցագործության վայրի և դիմումատուի որդու դիակի փորձաքննություններ։ Դատաբժշկի և երկու ականատես վկաների ներկայությամբ դիակի զննությամբ կազմված հաղորդման համաձայն՝ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի հետքեր չեն հայտնաբերվել։

Դիակի դատաբժշկական փորձաքննությունը նշանակվել է 2016թ. դեկտեմբերի 30-ին: Հաշվի առնելով, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են մտահոգություն հայտնել, որ դիմումատուի որդու մարմինը խեղվել կամ անհարգալից վերաբերմունքի է արժանացել, Հայաստանի իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձաքննության հետ կապված հարցերի համակարգողին հրավիրել են մասնակցելու քննությանը։ Սակայն հրավերին արձագանք չի եղել, քանի որ, ինչպես հետագայում է պարզվել, համապատասխան մասնագետն այդ պահին Հայաստանում չի եղել, և զննումն  իրականացրել է ավելի ուշ՝ Հայաստան վերադառնալուն պես: Մասնագետի՝ երկրից բացակայելու վերաբերյալ ապացույցները ևս ներկայացվել են ՄԻԵԴ-ին:

2017թ. փետրվարի 3-ին փորձագետը քննչական մարմիններին հայտնել է, որ դատաբժշկական փորձաքննություններն ավարտվել են, հետևաբար Չինգիզ Գուրբանովի դիակը պահելու կարիք չկա։ Փետրվարի 5-ին դիակը փոխանցվել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին՝ Ադրբեջանին հանձնելու նպատակով, ինչն էլ արվել է նույն օրը։

Բացի այդ, ոչ զոհված զինծառայողի հայրը, ոչ էլ Ադրբեջանի կառավարությունը չեն դիմել Հայաստանի իշխանություններին՝ դիակը վերադարձնելու համար, այդ մասով տեղեկատվություն ստանալու պահանջ ևս չի եղել:

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չկա որևէ ապացույց, որը հիմք կտա եզրակացնելու, որ  դիմումատուի որդուն առնչվող քրեական գործը քննելիս հայաստանյան իշխանությունները ցուցաբերել են էթնիկ խտրական վերաբերմունք: Հետևաբար, չի արձանագրվել Եվրոպական կոնվենցիայով նախատեսված՝ ոչ «խտրականության արգելքի», ոչ էլ՝ «անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի» խախտում:

ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել եւս մեկ գործով՝ Ասգարովան և Վեսելովան ընդդեմ Հայաստանի: Նրանք գանգատ են ներկայացրել այն մասին, որ Դիլհամ Ասգերովն ու Շահբազ Գուլիևն ունեն Քելբաջարի շրջանի ծագում: 1993թ. մինչև 2020թ. Քալբաջարի շրջանը, որը վերանվանվել է Շահումյան, գտնվել է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո: Ասգարովը և Գուլիևը 2014թ. հունիսի 29-ին մեկնել են Քելբաջարի շրջան՝ իբր այցելելու իրենց հայրենիք և հարգանքի տուրք մատուցելու իրենց հարազատների շիրիմներին:

Դիլհամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, ինչպես նաև վիրավորել Հայաստանի մեկ այլ քաղաքացու՝ Կարինե Դավթյանին:

Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման պահին Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել: ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը Ասգերովին դատապատել էր ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման:

2020թ. դեկտեմբերի 14-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, Ասգերովը և Գուլիևը փոխանցվել են Ադրբեջանին:

Ավելի մանրամասն՝  hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել