civilnet.am: Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ Ռուսաստանը «մոտ ապագայում» ռազմածովային բազա կստեղծի Օչամչիրում:
«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Բժանիան ասել է, որ Սուխումին Մոսկվայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռազմածովային բազա ստեղծելու վերաբերյալ, որպեսզի հզորացնի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Աբխազիայի պաշտպանական կարողությունները։
Ասլան Բժանիան հարցազրույցը տվել է Սև ծովի ափին գտնվող ռուսական առողջարանային քաղաք Սոչիում, որտեղ հոկտեմբերի 3-4-ը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Հանդիպումն անցել է բարեկամական, վստահելի մթնոլորտում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բժանիան՝ նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել ստեղծվելիք ռազմածովային բազայի մասին։
Բժանիան նաև ասել է, որ Պուտինի հետ քննարկել է Միութենական պետությանը (վերազգային միություն Ռուսաստանի և Բելառուսի միջև) Աբխազիայի անդամակցության հարցը։
«Մենք բոլոր հիմքերն ունենք Ռուսաստանի Դաշնության աջակցության վրա հույս դնելու,- ասել է Բժանիան,- Մենք խոսեցինք ապագայում Միութենական պետությանը Աբխազիայի հնարավոր անդամակցության մասին»։
«Այս ամենը դրական ընդունվեց, մենք պետք է դրա վրա աշխատենք օր ու գիշեր»,- ասել է Բժանիան, որն այս տարվա սկզբին հերքել էր Միութենական պետությանը Աբխազիայի միանալու մասին լուրերը:
Բժանիան հավելել է, որ Պուտինը խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Աբխազիային էներգակիրների մատակարարման ոլորտում։ Նրանք քննարկել են նաև Աբխազիայում էլեկտրակայանի ստեղծման հարցը։
Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան հինգշաբթի շեշտել է, որ «ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, Աբխազիայի Հանրապետության ինքնիշխան ընտրությունն է»։
Նա պնդել է, որ ռազմածովային բազան համապատասխանում է «մեր ժողովրդի հիմնարար շահերին՝ նպաստելով մեր անվտանգության ամրապնդմանը»։
Միաժամանակ Արձինբան կարևորել է ուժի չկիրառման մասին Վրաստանի կառավարության հետ համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։
«Սա այն հարցը չէ, որը պետք է հետաձգել։ Մենք արտաքին աշխարհն ենք։ Այնուամենայնիվ, Վրաստանի դիրքորոշումը չի նպաստում Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին»,- ասել է Արձինբան։
Աբխազիայում ռազմածովային բազա ստեղծելու մասին հայտարարվում է այն բանից հետո, երբ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը, որի կենտրոնակայանը ներկայումս գտնվում է Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում, սկսել է ավելի հաճախ հրետակոծվել Ուկրաինայի զինուժի կողմից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Ուկրաինային աջակցելու հարցում «կարմիր գծեր» չկան․ Ֆրանսիայի ԱԳՆ |tert.am|
19:42 - 23 նոյեմբերի, 2024
comment.count (0)