Մենք արտաքին քաղաքական վեկտոր չենք փոխում: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բարդ ժամանակաշրջան է գլոբալ աշխարհակարգի համար։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պրոբլեմը ՌԴ հետ մեր հարաբերությունների մեջ չէ, պրոբլեմը մեծ տերությունների հարաբերությունների մեջ է:
«ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները, ինչ-որ կա, չենք չեղարկում, մենք ոչ մի տեղից դուրս չենք եկել։ Բայց մենք երբեք չենք թաքցրել խնդիրները, որոնք կան, օրինակ՝ ՀԱՊԿ-ի հետ կապված»,- արձագանքեց նա:
Անդրադառնալով ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին, Փաշինյանը ասաց, որ նրանց ԼՂ-ում մնալու հարցը միայն մեզնից չէ կախված։
Հարցին, որ եթե ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, հնարավո՞ր է, որ գան Հայաստան։ Փաշինյանը պատասխանեց․
«Գան Հայաստան ի՞նչ անեն, կներեք, ես այդ հարցում տրամաբանություն չեմ տեսնում, որովհետև նրանք ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբն են: Եթե նրանք ԼՂ-ից դուրս են գալիս, ուրեմն պետք է գնան Ռուսաստան, ուրիշ հարց՝ Ադրբեջանո՞վ կգնան դեպի Ռուսաստան, թե՞ Հայաստանով կգնան, և սա սկզբունքային հարց չէ: Հայաստանում նրանց մնալու իրավական ոչ մի հիմք և հիմնավորում չկա ու չի կարող լինել»:
Անդրադառնալով՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ու սահմանապահ զորքերին, Փաշինյանն ասաց.
«Ռուսաստանի սահմանապահ զորքերի և 102-րդ ռազմաբազայի մնալու հիմքերը շատ պարզ են, շարունակում են գոյություն ունենալ, և ՀՀ-ն և ՌԴ-ն նման հարց չեն բարձրացնում։ Բազում խնդիրներ կան, բայց ոչ բոլոր խնդիրներն են միմյանց հետ փոխկապակցված»:
comment.count (0)