Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթը՝ ԵԽԽՎ նիստում
14:38 - 11 հոկտեմբերի, 2023

Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ. Վլադիմիր Վարդանյանը ելույթը՝ ԵԽԽՎ նիստում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ելույթը․ 

«Ժամանակ առ ժամանակ ես կցանկանայի լռել այստեղ, ոչինչ չասել, քանի որ շատ հաճախ եմ ունենում այն զգացումը, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում: Իրոք, շատ բարդ է չհամաձայնել զեկուցողի հետ, իր զեկույցի հետ, այո՛, իհարկե, ծայրահեղ աջ գաղափարախոսությունը պետք է դատապարտվի: Մենք պետք է պայքարենք անհանդուրժողականության, ռասիզմի, այլատյացության, հակաիսլամական շարժումների դեմ, բայց, ցավոք, կեղծավորությունը հասել է այն աստիճանի, որ առանց ինքդ քեզ նայելու հեշտ է խոսել երեւույթի մասին:

Պարո՛ն Սեյիդով, Դուք խոսեցիք բոլոր զարգացումների մասին, բայց ոչինչ չասացիք հայերի մասին, հակահայկական հռետորաբանության մասին, որն առկա է Եվրոպայի խորհրդի որոշ երկրներում: Դուք չասացիք դա, ես հասկանում եմ Ձեզ: Դուք չցանկացաք ներառել ձեր զեկույցում նաեւ պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների դեպքերը: Դուք չեք ուզում խոսել այդ մասին, եւ ես Ձեզ լիովին հասկանում եմ:

Հարգելի՛ գործընկերներ, գիտեք՝ այսօր ոչ ոք, ինքն իրեն ֆաշիստ կամ նացիստ չի անվանում, այո՛, մենք հիանալի հասկանում ենք, որ նոր ռասիստական գաղափարախոսությունները հիմնված են մեկ այլ երեւույթի՝ ռասայական ատելության վրա, որը շատ լավ քողարկվում է տարբեր գեղեցիկ անուններով: Ծայրահեղ աջ գաղափարախոսություն...

Գիտեք, երբ քննարկում ենք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին զեկույցը, ականատես ենք լինում մի շարք ելույթների, որոնք ծայրահեղ աջ գաղափարախոսությունների փայլուն դրսեւորումներն են:

Այդ պատճառով եմ ասում, որ գուցե ավելի լավ է լռել:

Ես չեմ կարող կողմ քվեարկել այս նախագծին՝ վերը նշված պատճառներով պայմանավորված, բայց կցանկանայի հարցնել պարոն Սեյիդովին, եթե մի քանի տարի հետո Ձեր երեխաները, թոռները գան Ձեզ մոտ եւ հարցնեն՝ ի՞նչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում հայերի հետ, ի՞նչ պատասխան եք կարողանալու տալ:

Շնորհակալություն»,- եզրափակել է Վլադիմիր Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել