Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյանը՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի մասին
22:52 - 28 հոկտեմբերի, 2023

Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում. Շահրամանյանը՝ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիայի մասին

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային ՀԸ-ին։

Շահրամանյանը հայտնել է՝ սեպտեմբերի 19-ի առավոտյան ինքը ռուս խաղաղապահների հրամանատարի մոտ է եղել. «Առաջին ազդակը, որ հնարավոր է՝ սկսվեն ռազմական գործողությունները, եղել է այն, որ Շուշիի տանկի հուշարձանի մոտ (կա 2 հենակետ՝ ռուսական ու ադրբեջանական), ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետին ու զգուշացրել, որ թաքցրեք անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին։ 

Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարին․ նրանք էլ էին տեղյակ դրա մասին, և ճշտումներից հետո հաստատվել է էդ փաստը։ Ինձ համար պարզ է եղել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է սկսվի ռազմական գործողությունը։ Արդեն տեւական ժամանակ մեր ԶՈՒ-ն ու ուժային կառույցները բարձր մարտական վիճակի բերված էին, համապատասխան հրահանգները տրված էին՝ այդ թվում քաղպաշտպանության հետ կապված»։

Նրա խոսքով ռուսական կողմը, «կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում», և իրենք պետք է ունակ լինեին իրենց հարցերը մենակ կարգավորելու․ «Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք Ադրբեջանի այդ հարձակման դեմ։

ՊԲ-ի, ուժային այլ կառույցների նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողություններին պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որը տևել է շուրջ 12 ժամ։ Մեզ համար պարզ էր, որ պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին ու ինչքան երկար շարունակեինք, այնքան կունենայինք զոհեր ու կորուստներ։ Իմ նպատակը որպես Արցախի նախագահ եղել է այն, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնենք ռազմական գործողությունները ու խուսափենք ավելի շատ զոհերից»։

Արցախի նախագահը հայտնել է, որ առաջինը, որ իրեն փոխանցել է ադրբեջանական կողմը բանակցությունների ընթացքում, այն է եղել, որ ռազմական գործողությունը ունի իր նպատակները, և մինչև չհասնեն վերջնական նպատակին, ռազմական գործողությունները չեն դադարելու։

«Իսկ նպատակը Արցախին լրիվությամբ տիրապետելն էր։

Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական կողմն էլ էր կրում բավականին շատ կորուստներ, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր շրջանները գտնվում էին արդեն շրջափակման մեջ, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին ու գտնվում էր Կրկժան կոչվող տեղամասին շատ մոտ՝ իրենց հատուկ ստորաբաժանումը և զինտեխնիկան։ 

Այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների, մեզ չէր մնում, և ես առաջարկել եմ, որ իրենք ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։

Մեզ համար անընդունելի էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդներ ձևակերպումը, բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր, և հասկանալով, որ մենք այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում ու ոչ մի իրավական պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա․․․ , և առաջիկայում էլ և՛ բանավոր, և՛ գրավոր մենք իրենց [ադրբեջանական կողմին] տեղեկացնում էինք, որ մենք չունենք, ՀՀ ԶՈՒ-ն ներկայացված չէ Արցախում»,- հայտարարել է Շահրամանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել