Պայթյունը տեղի է ունեցել ՊՆ անձեռնմխելի պահեստում, որը մինչեւ ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, քանի որ նախատեսված էր հենց դրանց սկսման դեպքում օգտագործելու համար։ Այս մասին Արցախի Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նշենք, որ խոսքը 2023թ. սեմտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի սահմանի ողջ երկայնքով հարձակման հետևանքով արցախցիների բռնի տեղահանության ժամանակ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվող վառելիքի պահեստում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի մասին է։ Պայթյունի հետևանքով հաղորդվել է 100-ից ավելի զոհի, մոտ 300 վիրավորի և անհետ կորածների մասին։ Վերջնական թվեր չեն հաղորդվել, Արցախի ԱԻՊԾ-ի որոնողական աշխատանքները դադարեցված են։
«Մեր բնակչությունը խուճապի պայմաններում հայտնվել է այդ զորամասի պահեստում, չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները․ իրականացվում էր այդ պահեստից ինքնուրույն դուրսբերում, և կանոնների խախտման պայմաններում տեղի է ունեցել պայթյունը»,- ասել է Արցախի նախագահը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե անձեռնմխելի տարածքը ենթակա է պահպանության, չէ՞ր պահպանվում տարածքը, մեղավորներ կա՞ն, Շահրամանյանն ասել է․
«Մեր Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է համապատասխան քրեական գործ, այս պահին այն փոխանցված է ՀՀ ՔԿ-ին»։
comment.count (0)