Մենք ունենք տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ. Սիրանուշ Սահակյան
 |panorama.am|
17:10 - 31 հոկտեմբերի, 2023

Մենք ունենք տեղեկություն Լևոն Մնացականյանի ողջ լինելու վերաբերյալ. Սիրանուշ Սահակյան |panorama.am|

panorama.am: Արցախի Հանրապետության նախկին պաշտոնյաները, ռազմական գործիչները Ադրբեջանի կողմից, ըստ էության, ենթարկվում են քաղաքական հետապնդումների։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Իրավաբանը կապի մեջ է Ադրբեջանում անազատության մեջ պահվող նախկին պաշտոնյաների ընտանիքների, հարազատների հետ։ Արձագանքելով ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացակայանի մասին սոցցանցերում տարածված տեղեկություններին՝ նա ասաց.

«Մենք ունենք տեղեկություն նրա ողջ լինելու վերաբերյալ։ Մենք համադրում ենք, որ նրանք կարողացել են ընտանիքի անդամների հետ կապ հաստատել, մյուս կողմից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտարարել է, որ այցելել է ղեկավարությանը, որի թվում է ռազմական ղեկավարությունը, չի կատարել որևէ բացառություն։ Նման կառույցի կողմից հայտարարության պայմաններում չենք կարող այլ հետևություն կատարել։ Այցելությունը եղել է հոկտեմբերի 20-ին, մեր հետևությունն այն է, որ հոկտեմբերի 20-ին Կարմիր Խաչի ներկայացուցիչները տեսել են նաև Լևոն Մնացականյանին»։

Ավելի վաղ Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի կողմից գերեվարված  Արցախի ՊԲ նախկին հրամանատար  Լևոն Մնացականյանի վիճակին և նրան Բաքվի բանտում ենթադրաբար սպանելու լուրերին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին ասել էր, որ ոչինչչունի ասելու։ 

«Մենք տեսակցել ենք բոլոր անձանց, հոկտեմբերի 20-ին եղել է տեսակցություն, այդ ընթացքում բոլոր հարցերն առանձնազրույցների ժամանակ քննարկվել են անձանց հետ։ Դա մեր ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում է։ Բացի զրույցներից և պահման պայմանների վերահսկողությունից, նաև  յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Մենք շարունակ կապի մեջ ենք նաև Հայաստանում նրանց ընտանիքի անդամների հետ։ Իսկ մասնավոր դեպքերի մասով չեմ կարող մեկնաբանություն տալ։

Ընդհանուր կարող եմ ասել, որ բոլորին, այդ թվում նաև ձեր նշած անձին, մենք տեսակցել ենք Բաքվում հոկտեմբերի 20-ին։ Ինչ վերաբերում է այն հանրային հարցերին, լուրերին, որոնք պտտվում են՝ մենք որևէ մեկնաբանություն անել չենք կարող, քանի որ ցանկացած հարց, որը վերաբերում է անձանց պահման պայմաններին, իրենց հանդեպ վերաբերմունքին, մենք դրանք քննարկում ենք այդ իշխանությունների հետ կոնֆիդենցիալ երկխոսության շրջանակներում, եթե դրա կարիքը կա, և ընտանիքի հետ, իսկ հանրության հետ այդ հարցով որևէ մեկնաբանություն չենք կարող տալ։ Դա հանրային հարց չէ, այլ մասնավոր է և այդ մարդկանց ճակատագրի հարցն է», - ասել էր Ամատունին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել