Հայաստանի զինանշանն արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ․ Ադրբեջանի ԱԳՆ
 |azatutyun.am|
14:58 - 16 մայիսի, 2025

Հայաստանի զինանշանն արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Բաքուն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ վերստին պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

«Սահմանադրության փոփոխությունը, որն ուղիղ սպառնալիք է ներկայացնում Ադրբեջանի ազգային անվտանգության համար, խաղաղության հիմնարար պայման է, և Ադրբեջանն ունի այդ պահանջը ներկայացնելու օրինական իրավունք», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Աշխատանքային այցով Տիրանայում գտնվող վարչապետ Փաշինյանն երեկ Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած ադրբեջանցի լրագրողի հարցերին է պատասխանել՝ ներկայացնելով պաշտոնական Երևանի հայտնի դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ՀՀ Սահմանադրության և Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության համաձայնագրի շուրջ:

Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ԵԱՀԿ-ին դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ, Հայաստանի Սահմանադրությունում չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, և խաղաղության պայմանագրի՝ երկրի Հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն երկրի Սահմանադրական դատարանը՝ պայմանագրի ստորագրումից հետո:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն, ի պատասխան, հայտարարել է՝ ՀՀ վարչապետը «կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը»։

«Նույնիսկ զինանշանը, որը հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել