hetq.am: Հյուսիսային Կորեան պատրաստվում է փակել իր առնվազն 10 դեսպանատները, այդ թվում՝ Իսպանիայում, Հոնկոնգում, ինչպես նաև Աֆրիկայի որոշ երկրներում։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այդպիսով, այդ երկիրը փաստացի կհրաժարվի իր դիվանագիտական բոլոր ներկայացուցչությունների շուրջ 25 %-ից։
Հոկտեմբերի 30-ին KCNA պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ դեսպանները «հրաժեշտի հանդիպումներ» են ունեցել Անգոլայի և Ուգանդայի առաջնորդների հետ: Դեսպանատների փակման փաստը հաստատել են նաև աֆրիկյան այս երկու երկրներում, որոնք Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատել 1970-ական թվականներին: Այդ երկրները Հյուսիսային Կորեայի հետ համագործակցում էին ռազմական ոլորտում։ Բացի այդ, Ուգանդան և Անգոլան արտարժույթի աղբյուր էին ծառայում Հյուսիսային Կորեայի համար։
Հարավային Կորեայում գործող Միավորման նախարարության կարծիքով՝ դա նշան է այն բանի, որ Հյուսիսային Կորեան, որը գտնվում է պատժամիջոցների տակ, փորձում է միջոցներ խնայել: Հենց սահմանափակումները, ինչպես նաև տնտեսական բարդ իրավիճակը թույլ չեն տալիս Փհենյանին շարունակել շահույթ ստանալ վերը նշված երկրներում իրենց ընկերություններից։
Ավելի վաղ, Associated Press-ը, հղում անելով Հարավային Կորեայի պաշտոնյաներին, գրել էր, որ ՀԱՄԱՍ արմատական շարժման գրոհայինները հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ կիրառել էին հյուսիսկորեական սպառազինություն, այդ թվում F-7 ձեռքի հակատանկային նռնականետեր։
comment.count (0)