factor.am: ԿԺԴՀ-ն հերթական ուժերն է ուղարկել Ռուսաստանի Կուրսկի շրջան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար։ Զինվորականների տեղափոխումը տեղի է ունեցել 2025 թվականի փետրվարի սկզբից։ Այս մասին հայտնում են հարավկորեական լրատվական գործակալությունները՝ վկայակոչելով երկրի ազգային հետախուզությանը, գրում է Current time-ը։ շ
Հարավկորեական JoongAng-ը, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրների, հայտնում է, որ այս տարվա հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում Հյուսիսային Կորեան Ռուսաստան է ուղարկել մինչև երեք հազար զինվորական։
Նշվում է, որ փետրվարին հյուսիսկորեական զորքերի «Կուրսկի ճակատ» տեղափոխումն իրականացվել է ռուսական բեռնատար նավերով և ռազմական ինքնաթիռներով։
Ըստ աղբյուրների՝ այնտեղ են ժամանել մոտոհրաձգային, ինժեներական և հետախուզական ստորաբաժանումներ, որոնք անցյալ տարի չեն մասնակցել մարտերին։ Փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր Ռուսաստանին իր երկրի բանակի և ժողովրդի անփոփոխ աջակցության մասին։ ԿԺԴՀ զինվորականները, որոնք մասնակցել են Կուրսկի շրջանում ռուսական բանակի կողմից մարտերին, մեծ կորուստների պատճառով դուրս էին բերվել առաջնագծից։
Այս մասին գրել էր The New York Times-ը 2025 թվականի հունվարի վերջին։ Այն, որ Հյուսիսային Կորեան իր զինուժն ուղարկել էր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից կռվելու, հայտնի էր դարձել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան է ժամանել մոտ 11 հազար զինվորական։ Հարավկորեական կողմի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի դրությամբ՝ զոհվել է 300 հյուսիսկորեացի զինվոր, ևս 2,7 հազարը վիրավորվել է։ Մոսկվան և Փհենյանը չեն հաստատել, բայց կտրականապես չեն հերքել հյուսիսկորեական զորքերի մուտքը Ռուսաստան և նրանց մասնակցությունը մարտերին։
comment.count (0)