civilnet.am: Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, իսկ Արևմուտքի քայլերն առայժմ միայն սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրեց նա։
Այդ նպատակով, շարունակեց Պատրուշևը, Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։
«Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտության դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները տարածաշրջանում հետընթաց են հրահրում և նպաստում են հակասությունների պահպանմանը»,- ընդգծեց նա:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցում նոյեմբերի 8-ին Մոսկվայում անցկացվող Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը:
Հայաստանը այդ հանդիպմանը, ինչպես հայտնել է Պատրուշևը, ներկայացնում է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը:
comment.count (0)