armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն այսօր Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա անցկացրեց ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրեց, որ 2020 թ. այս օրը սկսվեց Արցախը հանձնելու գործընթացը։
Ակցիայի մասնակիցները լուռ քայլում էին` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։
«Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծեց Մամիջանյանը։
Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։
«Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշեց նա։
ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտեց ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին փակցրին Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
comment.count (0)