«Որքանո՞վ է գումարտակի կորուստը պայմանավորված Վահանյանի գործողություններով»․ պաշտպանի եզրափակիչ ճառը դատարանում
22:02 - 01 հուլիսի, 2025

«Որքանո՞վ է գումարտակի կորուստը պայմանավորված Վահանյանի գործողություններով»․ պաշտպանի եզրափակիչ ճառը դատարանում

44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ քրեական գործով դատական վիճաբանությունների փուլն այսօր ավարտվեց։ Վահանյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հանդես եկավ պաշտպանական ճառով, որից հետո հակիրճ ճառեց նաեւ մեղադրյալ սպան․

«Պատվարժա՛ն դատարան, ես ամբողջ ճշմարտությունը ներկայացրել եմ դատարանին, նաեւ նախաքննական մարմնին,  կապի միջոցի հետ կապված ասել եմ՝ եղել են բջջային հեռախոսներ, որով կապնվել են, իմ բացակայության մասին հրամանատարը տեղյակ է եղել, բազմիցս ասել եմ, մանրամասնորեն ներկայացրել եմ ամբողջը առանց խոչընդոտի,  ավելացնելու բան չունեմ»,– իր ելույթում նշեց Վահանյանը։

Վերջինս, հիշեցնենք, մեղադրվում է պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու մեջ: Ըստ քրեական գործի՝ ազդոսկրի հատվածում թեթեւ վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կապի միակ միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով՝ անձնակազմին թողել է եւ հեռացել։  Դրանից հետո չկանոնակարգված նահանջ է տեղի ունեցել։ Արդյունքում անձնակազմը մասնատվել է․ մի մասը մի քանի սպաների հետ գնացել է Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, մյուս մասը, տեղեկացված չլինելով Հադրութ քաղաքի գրավման մասին, գնացել է այդ ուղղությամբ, գերեվարվել կամ զոհվել։ 

Նախորդ դատական նիստում եզրափակիչ ճառերով հանդես են եկել մեղադրանքի կողմի ներկայացուցիչները։ Տուժող կողմը միջնորդել է Իշխան Վահանյանին ենթարկել ամենաախիստ պատժի, իսկ հանրային մեղադրողը միջնորդել է դատապարտել 18 տարի ազատազրկման։

Իշխան Վահանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Ըստ պաշտպանի՝ վիրավորվելով Վահանյանը նպատակահարմար է գտել բուժծառայությունից օգտվելը

Իշխան Վահանյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Սիրանուշ Հարությունյանը իր ելույթի սկզբում հիշեցրեց՝ 2020 թ․ հոկտեմբերի 8-ին Վահանյանը Ջրականի զորամասի հրամանատար Արթուր Քարամյանից հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Խուռհատ սար եւ իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը, ապա հարց բարձրացրեց՝ որքանո՞վ էր իրավաչափ զորամասի հրամանատարի կողմից նման հրաման արձակելը, որքանո՞վ Վահանյանը կարող էր քննարկման առարկա դարձնել այն կամ կարո՞ղ էր արդյոք չկատարել հրամանը․ «Հրամանի էությունը այն էր, որ Խուռհատ սար պետք է տեղափոխվեր ուսումնական գումարտակ, որի կազմում ընդգրկված էին 18 տարին նոր բոլորած երիտասարդներ, որոնք նոր էին երդում տվել, եւ որոնք առնվազն 1-2 ամիս է, ինչ համազգեստ էին կրում, ուստի շատերը դեռեւս պատշաճ մարտական պատրաստության փորձ չունեին։ Այս պայմաններում է Վահանյանը առանց որեւէ քննարկման կատարել հրամանը եւ գումարտակին տեղափոխել սար։ Իհարկե, Վահանյանը ցուցմունքում նշել է, որ իրեն ասել են, թե ապահով վայր են տանում, սակայն թույլ տվեք հարցնել՝ սեպտեմբերի 27-ից արդեն պատերազմական գործողությունների տեղանքում ի՞նչը կարող էր լինել ապահով վայր․ դա թաքստոց չէր, պահեստարան չէր, չեմ կարծում՝ ապահով վայրի ակնկալիք  լիներ։ Ըստ էության, նրանք տեղափոխվել են մի վայր, որտեղ սպասվում էին մարտական գործողություններ, որոնց զինծառայողների մեծ մասը պատրաստ չէր»,– ընդգծեց Հարությունյանը։

Նա նկատեց՝ որեւէ մեկը չհերքեց, որ ծավալված մարտական գործողությունների պայմաններում եղել է խուճապ, խառնաշփոթ իրավիճակ, եւ բնական է, որ զինծառայողները հարձակման պայմաններում չեն կարողացել բավարար չափով արձագանքել, քանի որ չունեին համապատասխան փորձ․ «Հանգամանքները դասավորվում են այնպես, որ Իշխան Վահանյանը ստանում է վիրավորում, եւ օգտվելով այդ հանգամանքից՝ նպատակահարմար է գտնում հեռանալ մարտական դաշտից եւ դիմել բուժօգնության։ Շատ դեպքերում զինծառայողները ցուցմունք տվեցին, որ չեն տեսել նկատելի վնասվածք, շատերը ասացին, որ Վահանյանը կաղում էր, սակայն Վահանյանի վիրավորումը կասկածի տակ դնել ես չեմ պատրաստվում, մանավանդ, որ գոյություն ունի դատաբժշկական փորձագետի եզրակացություն, համաձայն որի՝ պայթյունից առաջացած կույր բեկորների հետեւանքով պատճառվել է թեթեւ վնաս, առողջության կարճատեւ քայքայում։ Իհարկե, այլ հարց է, որ լինելով հրամանատար, լինելով ավելի փորձառու թե՛ տարիքով թե՛ զինվորական կենսագրությամբ՝ Վահանյանը ճիշտ է համարել օգտվել բուժծառայությունից եւ վիրավորներ տեղափոխող մեքենայով հեռանալ բուժսպասարկման»,– նշեց պաշտպանը։

Պաշտպանը հարց է բարձրացնում՝ արդյո՞ք կապի մեկ միջոցն էր պայմանավորում ողջ գումարտակի գոյությունը

Հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը հիշեցրեց՝ մեղադրանքի հիմքում դրված է նաեւ այն հանգամանքը, որ լինելով հրամանատար՝ Վահանյանն իր հետ տարել է կապի միակ միջոցը, որի հետեւանքով առաջացել են ծանր հետեւանքներ, մասնավորապես, զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ․ «Թույլ տվեք պաշտպանական կողմը իր կարծիքը հայտնի այն առումով, որ արդյոք մեկ անձի գոյությունը կամ չգոյությունը եւ արդյոք կապի միայն մեկ միջոցի բացակայությունը պետք է բավարար լինի, որ մարտական գումարտակը գոյություն ունենա կամ դրան վտանգ սպառնա։ Ես կարծում եմ, որ մարտական դրության պայմաններում չի կարելի զորամիավորման ճակատագիրը, քաղաքացիների անվտանգությունը, կյանքը, կապել մեկ անձի գոյության եւ նրա մոտ առկա կապի միակ միջոցի հետ։ Ընդունենք՝ Իշխան Վահանյանը վիրավորում չէր ստացել եւ չէր դիմել բուժօգնության, այլ հանգամանքների բերումով դադարել էր ֆիզիկապես գոյություն ունենալ, եւ նրա հետ միասին ոչնչացվել էր կապի միջոցը, ստացվում է, որ մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքը պիտի գործեր, եւ պիտի կասկածի տակ դնեինք զորամիավորման հետագա ճակատագի՞րը։ Ես համոզված եմ, որ չպետք է նման ձեւով զորավարժություններ անցկացված լինեն, կրթություն  տրված լինի, եւ համոզված եմ, որ ցանկացած պայմաններում մեր կանոնագիրքը պետք է նախատեսի, որ երբ հրամանատարը այլեւս գոյություն չունի, այլ հրամանատարներ պետք է փոխարինեն նրան»։

Պաշտպանը հիշեցրեց՝ տվյալ դեպքում եղել են 4 կրտսեր սպաներ, եւ ամեն մեկը իր մոտեցմամբ է փորձել կարգավորել իրավիճակը․ «Եղան ցուցմունքներ նաեւ այն մասին, որ անհամաձայնություն է առաջացել, թե ինչ ուղղությամբ պետք է տանեն զինվորներին, եւ մենք ունեցել ենք այն ծանր հետեւանքները, որ ունեցել ենք։ Բայց արդյո՞ք այդտեղ Իշխան Վահանյանն էր մեղավոր։ Ես կարծում եմ, որ մեր ռազմական ուժերում չպետք է նման իրավիճակներ լինեն, պետք է մեր զինծառայողները համակցված գործեն, յուրաքանչյուրս պետք է հասկանա իր դիրքը, իր տեղը, հրամանատարի բացակայության պայմաններում կողմնորոշվի՝ ինչ է անելու, սպան իմանա՝ իր պարտականությունները, զինվորը՝ իր։ Ես, իհարկե, չեմ ժխտում, որ խուճապի պայմաններում կարող էր նման վիճակ առաջանալ, որ զինվորները չկողմնորոշվեին՝ ուր գնալ, սպաները սխալվեին, բայց ես չեմ ուզում, որ նման իրավիճակը ընդունելի լինի մեզ համար»,– պնդեց պաշտպանը։

Սիրանուշ Հարությունյանը հիշեցրեց նաեւ, որ թեեւ որոշ ցուցմունքների համաձայն՝ սպաները հեռախոսներով են փորձել կապ հաստատել, սակայն տուժողների իրավահաջորդները ցուցմունքներ են տվել առ այն, որ վերադաս հրամանատարությանը տեղյակ են պահել, թե որտեղ են իրենց երեխաները, խոստումներ են եղել, թե կհասնեն, կփրկեն, բայց մինչեւ 2020 թ․ դեկտեմբերը եղել են պատսպարված տղաներ, որոնց այդպես էլ փրկել չհաջողվեց․ «Ուզում եմ հասկանալ՝ կապի միջոցի բացակայությունո՞վ էր դա պայմանավորված թե՞ ընդհակառակը՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցների բացակայությամբ, նաեւ երեխաների անհրաժեշտ պատրաստվածության բացակայությամբ, որ նահանջը հնարավոր չեղավ պատշաճ կազմակերպել, որ ամեն մեկը կարծես ինքնահոսի մատնվեց։ 4 սպաներով առաջնորդելով փորձեցին նահանջ կազմակերպել, բայց արդյունքի չհասան, եւ այսօր պատասխանատվության է ենթարկվում միայն Վահանյանը, որ չի անտեսել իր վնասվածքը, որ չի զոհվել, չի արել ամեն ինչ, որ փրկեր երեխաներին»,– ասաց Վահանյանի պաշտպանը։

Իր ելույթի վերջում Հարությունյանը շեշտեց, որ ակնկալում է դատարանի օբյեկտիվ գնահատականը․ «Իհարկե, համոզված եմ, որ դատարանը անհրաժեշտ հետեւություններ կանի՝ որքանով էր Վահանյանի գործողություններով պայմանավորված գումարտակի կորուստը, որքանով է իրավաչափ, որ մեղադրյալի աթոռին լինի միայն Իշխան Վահանյանը․․․ Համոզված եմ՝ նաեւ մեղադրանքի կողմը համակողմանի վերլուծության կենթարկի այս հանգամանքները․․․ Իհարկե, պատերազմական իրավիճակում հնարավոր չէ կանոնակարգել այնպես, որ խուճապ չլինի, բայց եւ զինվորական կրթության պայմաններում կարելի է ունենալ այնպիսի կադրեր, որոնք կարողանան կազմակերպել նահանջը, հակահարձակումը, դիմադրությունը, եւ մենք, ամենայն հավանականությամբ, հենց դրա հետեւանքով չունեցանք դրական արդյունքներ»,– եզրափակեց Սիրանուշ Հարությունյանը։

Դատարանը սկսեց եւ ավարտեց ռեպլիկների փուլը

Հաջորդիվ դատարանը հայտարարեց ռեպլիկների փուլի մեկնարկի մասին։ Ըստ օրենքի՝ դատական վիճաբանությունների բոլոր մասնակիցներն իրենց արտասանած ճառերից հետո իրավունք ունեն այդ ճառերում ասվածի առթիվ ևս մեկական անգամ ելույթ ունենալ ռեպլիկի կարգով:

Ըստ այդմ, հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանն անդրադարձավ պաշտպանի կասկածին՝ արդյո՞ք իրավաչափ էր նորակոչիկներին մարտի դաշտ ուղարկելը․ «Իմ խորին հարգանքը տիկին Հարությունյանին, որ այս բարդ գործը ստանձնեց եւ մինչեւ վերջ կարողացավ տանել պաշտպանությունը, բայց մի նկատառում․ հարց բարձրացվեց, թե նորակոչիկներին չէր կարելի ներգրավել մարտական գործողություններին, բայց ցանկանում եմ նշել, որ «Ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանված է, թե ովքեր են հանդիսանում նորակոչիկներ, նրանք ժամկետային այն զինծառայողներն են, ովքեր զինվորական երդում չեն տվել, իսկ երդում ընդունած զինծառայողները կարող են պատերազմական իրավիճակներում ընդգրկվել ոչ միայն պաշտպանության, այլ նաեւ մասնակցել հարձակողական գործողությունների։ Իհարկե, բարոյական տեսանկյունից եւ բարոյահոգեբանական առումով դժվար է կառավարել նրանց, ովքեր մի քանի ամսվա ծառայողներ են, բայց այս հանգամանքը պետք է ներկայացնել ոչ թե Վահանյանի մեղքը մեղմելու տեսանկյունից, այլ որ իր ենթակայության ներքո նորակոչիկներ ունենալը ավելի պարտավորեցնող էր, եւ այն վնասվածքը, որ նա ստացել էր, որեւէ կերպ իրավունք չէր տալիս պատասխանատու պահին իր գործը կիսատ թողել եւ հեռանալ»,– պնդեց մեղադրողը՝ հավելելով, որ Վահանյանի մեղադրանքը առավել քան հիմնավոր է, եւ հույս հայտնելով, որ դատարանն արդարացի դատավճիռ կկայացնի։

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել