«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն. Տիգրան Մկրտչյանը՝ հույն խորհրդարանականին
17:43 - 14 նոյեմբերի, 2023

«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն. Տիգրան Մկրտչյանը՝ հույն խորհրդարանականին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսի հետ։

Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, ինչպես նաև երկկողմ խորհրդարանական հարաբերություններին։ Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման անհրաժեշտությունը:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանվածների խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, ռազմագերիների և մյուս գերեվարված անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում երկկողմ ընդգծվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության անձեռնմխելիության հրամայականը։

Իր հերթին հույն խորհրդարանականն ընդգծել է իր կուսակցության պատրաստակամությունը` ակտիվ աջակցելու և սատարելու հայկական կողմին՝ վերջինիս հուզող հարցերի շուրջ՝ ամրապնդելով երկկողմ խորհրդարանական հարաբերությունները:

Հանդիպմանը ներկա էին նաև կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու տիկին Ռենա Դուրուն, ինչպես նաև կուսակցության առաջնորդ՝ Ստեֆանոս Կասսելակիսի դիվանագիտական գրասենյակի ղեկավար պարոն Էվանգելոս Կալպադակիսը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել