Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար |armenpress.am|
11:19 - 20 նոյեմբերի, 2023

Ցանկացած ճանապարհ, որն անցնում է Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից. Տոյվո Կլաար |armenpress.am|

armenpress.am: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի խոսքով՝ միանգամայն տրամաբանական է, որ Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որը կանցնի Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվի Հայաստանի կողմից։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Կլաարն անդրադարձել է  Հայաստանի իշխանությունների առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց բնակավայրեր երաշխավորված անվտանգ վերադարձին։  

- Ի տարբերություն Ադրբեջանի, որը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում պարբերաբար խոսում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին՝ ակնհայտորեն ենթատեքստում ունենալով Հայաստանի ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցք ունենալու գաղափարը, Հայաստանի կառավարությունն առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում երկրների իրավազորության  և ինքնիշխանության հիման վրա ու որը կյանքի կոչելու արդյունքում տարածաշրջանը կարող է դառնալ միջազգային  լոգիստիկ և առևտրային կարևոր խաչմերուկ․ դա կարղ է նաև խաղաղության յուրատեսակ երաշխիք լինել։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը ու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ։ Հնարավոր համարո՞ւմ եք այս նախագծի իրականացումը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում։

- Նախ, կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ (խմբ․ 2023թ. մայիսին) Մոսկվայում նախագահ Ալիևը հեռուստատեսությամբ հրապարակավ` նախագահ Պուտինի ներկայությամբ վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ դա «միջանցք» անվանելը չի ենթադրում արտատարածքայնություն։ Նախագահ Ալիևն այլ դեպքերում ևս՝ ավելի նեղ միջավայրերում, ասել է, որ դա չի ենթադրում արտատարածքայնություն: Այո, անվանելով այն միջանցք, ինչպես գիտեք, մենք ասում ենք տրանսպորտային միջանցքներ՝ նկատի ունենալով տարբեր միջանցքները, որոնք մենք ունենք Եվրոպայում, որոնք երբեք չեն ենթադրում արտատարածքայնություն։ Այսպիսով, ակնհայտորեն, մեր տեսանկյունից միանգամայն տրամաբանական է, որ ցանկացած ճանապարհ, ցանկացած երկաթգիծ, որն անցնում է Հայաստանի տարածքով, վերահսկվում է Հայաստանի կողմից։ Կամ ցանկացած ճանապարհ կամ երկաթգիծ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով կամ անցնում է, չգիտեմ, Գերմանիայի տարածքով, վերահսկվում է տվյալ երկրի կողմից։ Հետևաբար, դա բացարձակապես միակ տրամաբանական պայմանավորվածությունն է։ Օրինակ, այս դեպքում Ադրբեջանը ցանկանում է երաշխիք ունենալ, որ Հայաստանի տարածքով անցնող Ադրբեջանի քաղաքացիները և բեռներն ապահով կլինեն: Դա միանգամայն տրամաբանական է և նորմալ։ Բայց թե դա ինչպես կարվի, Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն է։

Կարծում եմ, որ վարչապետ Փաշինյանի տեսլականը երկրները միավորող ճանապարհային և երկաթուղային կապերի վերաբերյալ մի բան է, որը մենք միանգամայն կիսում ենք։ Մենք բացարձակապես կիսում ենք բաց Հարավային Կովկասի տեսլականը, որտեղ երկաթուղային և ճանապարհային կապերը բաց են, և երկրները վերամիավորվում են այնպես, ինչպես եղել են Խորհրդային միության ժամանակաշրջանի վերջում և նույնիսկ ավելին։ Ճանապարհային և երկաթուղային կապերը դեպի Թուրքիա և, բնականաբար, Իրան, ինչն արդեն այդպես է,  նույնպես պետք է բաց լինեն։ Ահա թե ինչպես ենք մենք տեսնում ապագան, բացարձակապես, խաղաղ Հարավային Կովկասի մեր տեսլականն այն է, որ այս տրանսպորտային կապերը կրկին բաց են, և կա առևտուր, կան մարդիկ, ովքեր ճանապարհորդում են տարբեր սահմաններով:

- Քանի որ Դուք նշեցիք Ադրբեջանի նախագահի պահանջը, որ Ադրբեջանի քաղաքացիների անցումն այս միջանցքով պետք է շատ անվտանգ լինի, այստեղ ես ուզում եմ հարց տալ, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Ո՞րն է Ձեր մոտեցումն այս մարդկանց՝ իրենց տներ հետ վերադառնալու իրավունքին: Բայց թույլ տվեք մի կետի վրա ուշադրություն հրավիրեմ. Լաչինի միջանցքը փակվել էր, և հայերը հնարավորություն չունեցան անվտանգ անցնելու, նրանցից շատերը ձերբակալված են կեղծ մեղադրանքներով։ Ադրբեջանական ուժերը չկարողացան երաշխավորել այդ հայերի անվտանգությունը: Այսպիսով, Ադրբեջանը պահանջում է այնպիսի բաներ, որոնք ինքը չի արել:

- Կարծում եմ՝ դուք բազմաթիվ տարբեր խնդիրներ եք առաջ քաշում, բայց ես կկենտրոնանայի Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի հնարավորության վրա։ Մենք միանշանակ հավատում ենք, որ սա շատ կարևոր բան է, որ առաջին հերթին նրանց վերադարձի  իրավունքը երաշխավորված լինի։ Եվ երկրորդը, որ ստեղծված լինեն այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն բավարար անվտանգության և ապահովության զգացում, որպեսզի նրանք ցանկանան վերադառնալ: Մենք դա շատ հստակ ասել ենք ԵՄ-ի տեսանկյունից, որ բոլոր տեղահանված անձինք պետք է կարողանան ապահով և անվտանգ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրեր, եթե ցանկանում են դա անել: Եվ այդ առումով սա մի հարց է, որը մենք առաջ ենք քաշել տարբեր հարթակներում: Կարծում ենք՝ սա շատ կարևոր խնդիր է, որը պետք է լուծվի։ Բայց, իհարկե, ոչ ոքի չի կարելի ստիպել վերադառնալ, եթե մարդիկ չցանկանան։ Բայց, եթե վերադառնալ ցանկացողներ լինեն, ապա պետք է առավելագույն ջանքեր գործադրել նրանց այնպիսի պայմաններով ապահովելու համար, որոնք թույլ կտան, որպեսզի այդ մարդկանց մեծ մասը վերադառնալու որոշում կայացնի:

- Քանի որ խոսեցիք տարածաշրջանում խաղաղությունից… Ադրբեջանը շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը և ցանկանում հասնել խաղաղության պայմանագրի միայն իր  պայմաններով։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում խաղաղության պայմանագիրը։ Ի՞նչ կետեր պետք է ներառվեն դրանում, որպեսզի այն լինի արդար, հավասարակշված և ապահովի կայունություն։  

- Կարծում եմ՝ կարևոր է, որ մի կողմից ունես պայմանագիր, ունես տեքստ, որը կարող է իր ձևակերպմամբ շատ ընդգրկուն լինել կամ ոչ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ի վերջո Հայաստանն ու Ադրբեջանը ինչպես կորոշեն,  ինչպես կձևակերպեն այդ պայմանագրի տեքստը: Նույնքան կարևոր է նաև վերջնական խաղաղության պայմանագրի իրականացումը, այն պայմանների կատարումը, որոնք գալիս են դրանից հետո: Եվ այստեղ, իհարկե, պետք է խոսենք հաղորդակցությունների բացման մասին, խոսենք սահմանի սահմանազատման մասին։ Ինձ համար նաև շատ կարևոր է սահմանի երկայնքով ուժերի միջև հեռավորության ապահովումը, անվտանգության իրական զգացումը, որը կտրվի սահմանի երկայնքով գտնվող բնակիչներին, բայց նաև ավելի լայն մասշտաբով: Եվ հետո, իհարկե, դուք ունեք այն բոլոր հարցերը, ինչպիսիք են, գիտեք, դեսպանատների բացումը, ուղիղ օդային կապերի բացման ապահովումը, մարդկանց փոխադարձ ճանապարհորդելու հնարավորությունը:

Հռետորաբանությունը, բնականաբար, նույնպես կարևոր է լինելու բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո խոսքը ոչ միայն Ադրբեջանի կողմից հռետորաբանության մասին է, այլ նաև Հայաստանի։ Եղել են հայտարարություններ տարբեր դերակատարների կողմից և տարբեր համատեքստերում: Ամբողջ համատեքստը պետք է փոխվի Հայաստանի և Ադրբեջանի բնակչության համար իսկապես զգացողություն ապահովելու առումով, որ, իրոք, մենք հիմա այլ աշխարհում ենք, մի իրավիճակում, երբ Հարավային Կովկասն իսկապես կարող է կատարել իր դերը՝ որպես խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ուղղություններով։ Սա ինձ համար առնվազն նույնքան կարևոր է, որքան խաղաղության պայմանագրի տեքստի ստորագրումը, որը, ինչպես ասում եմ, կարևոր է, բայց այն, ինչ հետևում է դրան, առնվազն նույնքան կարևոր է, որպեսզի հանգամանքների փոփոխության այս իրական զգացումը լինի։

- ԵՄ-ն ցանկանում է այդ խաղաղության պայմանագրի միջնորդը լինել։ Սակայն ադրբեջանական կողմը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից։ Ինչպե՞ս եք մեկնաբանում Ալիևի այս խուսանավումը։ Որքանո՞վ է ԵՄ-ն Ադրբեջանի այս քայլերը կառուցողական համարում։

- Նախ, այս համատեքստում ԵՄ-ն ստիպված չէ որևէ կողմում լինել։ Մենք, և մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները: Մեզ համար առաջնային շահը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարևոր է, քան այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։ Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիևի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարևոր հնարավորություն և բավականին կարևոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։ Նախագահ Միշելը դեռ պատրաստ է և ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարևոր են: Բայց ամենակարևորը իրականում առաջ շարժվելն է, և դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ։

- Շատ քաղաքագետներ հակված են մտածելու, որ Ադրբեջանին իրականում եվրոպական հարթակը չի հետաքրքրում և 3+3 ձևաչափն ավելի շահավետ է Ալիևի համար։ Ո՞րն է ձեր գնահատականը այս մոտեցմանը։

- Ես առանձնահատուկ կարծիք չունեմ, մեր տեսանկյունից մենք 3+3 ֆորմատով ինչպես վերջին, այնպես էլ նախորդ հանդիպումները դիտարկում ենք որպես մի ձևաչափ, որտեղ տարածաշրջանի երկրները, որոնք, անշուշտ, ունեն խնդիրներ, կարող են քննարկել դրանք՝ որպես հարևաններ։ Միևնույն ժամանակ, ես հասկանում եմ նաև, որ գոնե ի սկզբանե ըմբռնումը եղել է, որ հատկապես հակամարտությունը, խաղաղության պայմանագիրը, կարգավորումը, իրոք, չպետք է քննարկման առարկա լինեն այդ ձևաչափով։ Այնպես որ, դարձյալ մեզ համար ամենակարևորն առաջընթացն է, իսկ թե որ հարթակում՝ շատ ավելի քիչ է կարևոր։ Բայց մենք հավատում ենք, որ իրականում, մեր կարծիքով, իրական պատճառ չկա, թե ինչու չենք կարող լուրջ առաջընթաց ունենալ կարգավորման գործընթացում, քանի որ մեզ համար սեղանին դրված հարցերը շատ քիչ են, և կարծում ենք, որ դրանք բազմիցս քննարկվել են։ Ուստի, մենք իրականում չենք տեսնում պատճառ, թե ինչու չենք կարող առաջ շարժվել, և ինչու Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող շատ արագ շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել