Արարատ Միրզոյանը չի մեկնի Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու նպատակով
20:26 - 21 նոյեմբերի, 2023

Արարատ Միրզոյանը չի մեկնի Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու նպատակով

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:

«Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրաստիճան համապատասխան պաշտոնյաները (ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, ԱԳ նախարար, ԱԽ քարտուղար) հայտնել են, որ չեն մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակում կազմակերպվող առաջիկա նիստերին։

Նիկոլ Փաշինյանը այդ մասին ասել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք նման քայլերով հող են նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նա ասել է՝ որևէ բանի համար հող չի նախապատրաստում, «քանի որ հողը կա՛մ կա, կա՛մ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»․ «Մենք նաև այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ նիստին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը, ասել է, որ Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես միևնույն շղթայի օղակներ»՝ հավելով, թե իր կարծիքով, դա «ստրկության շղթա է»։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն էլ հայտնել է, որ Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել