Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հետ |amerikayidzayn.com|
11:10 - 22 նոյեմբերի, 2023

Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններն առանձին հանդիպումներ են ունեցել պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հետ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ պետքարտուղարության ամենօրյա ժամանակացույցը, նոյեմբերի 20-ին պետքարտուղարությունում նախատեսված էր Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ:

Նույն աղբյուրի համաձայն՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղարությունում նախատեսված է պետքարտուղարի տեղակալ Օբրայանի հանդիպումը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ:

Հանդիպումները փակ են մամուլի ներկայացուցիչների համար, ուստի որևէ այլ մանրամասներ դրանց վերաբերյալ հայտնի չեն:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն օրերս արձագանքել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օբրայանի հայտարարություններին՝ դրանք որակելով կողմնակալ, անարդյունավետ, անհիմն և անընդունելի: Բաքուն հայտարարել էր, որ հրաժարվում է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնելուց:

Պատասխանելով այս կապակցությամբ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը՝ պետքարտուղարությունը կարևորել է երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների անցկացման անհրաժեշտությունը:

«Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը արժանապատիվ և տեւական խաղաղության հասնելու համար, որտեղ բոլորի իրավունքները հարգված են: Կարծում ենք՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ուղիղ ձևով քննարկեն և լուծեն հարցերը»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը օրերս լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ևս պատասխանել է այս կապակցությամբ հնչեցված հարցին՝ նշելով.

«Մենք շարունակում ենք ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և առաջարկում ենք նպաստել արժանապատիվ և տևական խաղաղությանը, ուր բոլորի իրավունքները պետք է հարգվեն։ Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկեն և կարգավորեն հարցերը՝ ի շահ տարածաշրջանի։ Մենք կողջունենք ցանկացած դերակատարում այդ բանակցությունները դյուրացնելու համար։ Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկել են նպաստել այդ բանակցություններին։ Կարծում ենք, որ կարևոր է, որպեսզի երկու երկրները դեմ առ դեմ խոսեն տևական համաձայնության հասնելու համար»,- հայտարարել է Միլլերը։

Հարցին, թե արդյոք շարունակելու է ԱՄՆ-ն առաջարկել Վաշինգտոնը որպես հարթակ կողմերի միջև բանակցություններում, պետքարտուղարության խոսնակն արձագանքել է․ «Մենք պատրաստ կլինենք նպաստել այդ բանակցություններին, ինչպես արել ենք նախկինում, և ողջունում ենք, որ դա անում են նաև այլ երկրներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել