news.am: Այս փուլում և այս պահին ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցեր ՀՀ օրակարգում չկան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ մեկնաբանելով ռուս պատգամավոր Զատուլինի կողմից հնչեցրած մտահոգությունները, որ առաջիկայում կդրվի Գյումրիից ռուսական բազան հանելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցը։
«Աշխատանքային հարաբերություններ են, բնականաբար, կան տարաձայնություններ որոշ հարցերի շուրջ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու, արձագանքելու ուղղությամբ»,- նշեց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպիսին են հիմա հայ-ռուսական հարաբերությունները՝ նկատի ունենալով նաև տարբեր պաշտոնյաների կողմից հնչող փոխադարձ քննադատությունները։
Փոխնախարար Սաֆարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից արած այն հայտարարություններին, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, փոխարտգործնախարարն ասաց․ «Դրանք իրենց մոտեցումներն են, այդ մասով մենք հայտնել ենք մեր մոտեցումների մասին»։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ավելի ուշ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը, ի հեճուկս իր ունեցած պարտադիր պարտավորությունների, պատշաճ արձագանք չի տվել Հայաստանի անվտանգային մարտահրավերներին: Նրա խոսքով` մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում, վերադառնում, հետո հաջորդ անգամ նորից գնում, նույն բաները կրկնում:
Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
comment.count (0)