Երևանի պոլիկլինիկաները պետք է լինեն առավել հասանելի, վստահելի ու մրցունակ. քաղաքապետը ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին
10:05 - 30 նոյեմբերի, 2023

Երևանի պոլիկլինիկաները պետք է լինեն առավել հասանելի, վստահելի ու մրցունակ. քաղաքապետը ծանոթացել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր 17 պոլիկլինիկա է գործում:  Բժշկական այս հաստատությունները շահագործման օրից ի վեր երբևէ չէին հիմնանորոգվել: Նախորդ տարվանից համայնքը մեծածավալ աշխատանքներ սկսեց: Այս մասին հայտարարություն է տարածել Եէեւանի քաղաքապետարանը։
 
Թիվ 4, 12, 8 պոլիկլինիկաներում ու «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնում իրականացված ու ընթացիկ աշխատանքներին ծանոթացել է Երևանի  քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ծրագրի համար պետական ու համայնքային բյուջեներից շուրջ 1 մլրդ դրամ է նախատեսվել: 
Առաջնային օղակի, առաջնային խնդիրներին լուծում տալու նպատակով հենց տեղերում գնահատվեցին կարիքներն ու սահմանվեցին առաջնահերթությունները: Արդյունքներն արդեն տեսանելի են:
 
Քաղաքացիների բուժսպասարկմանը զուգահեռ պոլիկլինիկաներում ակտիվ շինարարություն է: Բժշկական կենտրոնները նաև տեխնիկապես են վերազինվում: Ընթացիկ տարում համայնքային բյուջեից 55 մլն դրամ էլ բժշկական սարքավորումների ձեռքբերման համար է հատկացվել: 
Համալիր ու հիմնարար ծրագրերի հիմքում դրված է մեկ նպատակ՝ քաղաքացիների համար պոլիկլինիկաները դարձնել առավել հասանելի, վստահելի ու մրցունակ կենտրոններ։
 
Հարմարավետ պայմանների ապահովմանը զուգահեռ զգալիորեն ավելացել է այցելուների թիվը: Եթե նախկինում համայնքային պոլիկլինիկաները տարեկան շուրջ 1 մլն 400.000 այցելու էին ունենում, ապա այս տարի արդեն թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2 մլն 452 000 հազար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել