1lurer.am: Տեղի են ունեցել բանակցություններ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև, և այդ բանակցությունների արդյունքում այս հայտարարությունն է տեղի ունեցել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
Նա ընդգծեց, որ հայտարարության մեջ որևէ այլ կողմի մասին արձանագրում չկա, բանակցությունները տեղի են ունեցել երկու աշխատակազմի միջև:
«Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում շատ զգայուն հումանիտար հարցի՝ գերիների վերադարձին, որի շուրջ շատ երկար և բազմիցս խոսել ենք, և հնարավորություն է առաջացել հարցը այս ձևաչափում բանակցել և լուծել: Սա շատ կարևոր հայտարարություն է, և չպետք է թերագնահատել, սակայն նաև պետք չէ գերագնահատել այն ընդհանուր բանակցային գործընթացի տրամաբանության մեջ: Այն, ինչ Հայաստանը շարունակ ասել է, շարունակում է պնդել, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները պետք է տեղի ունենան այն սկզբունքների շուրջ, որոնց կողմերը համաձայնություն են տվել դեռևս այս տարվա հուլիսին եռակողմ հանդիպման ընթացքում, և Հայաստանը հորդորում է նաև այլ գործընկերներին, միջնորդ կողմերին ապահովել բանակցությունների շարունակականությունն այն հարթակներում, որտեղ դրանք սկսվել են»,- նշեց պատգամավորը:
Նա լրագրողների խնդրանքով անդրադարձավ այն հարցին, թե արդյոք 32 գերիների անունները, որոնք շրջանառվում են, համապատասխանում են իրականությանը, և արդյոք քննարկումներ կան ԼՂ բարձրաստիճան պաշտոնյաներին ՀՀ վերադարձնելու մասին:
«Ես կխուսափեմ որևէ անուն հնչեցնել, նախ՝ որ մանրամասներին, ցանկերին ծանոթ չեմ, բացի դա, շատ զգայուն թեմա է, և մինչև գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը, նաև ԶԼՄ-ներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, քանի որ դա բարդ կարող է լինել գերիների հարազատների համար»,- ասաց Սարգիս Խանդանյանը՝ նշելով, որ ըստ հայտարարության՝ դա պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում. «Ժամերի, օրերի հարց է: Եթե ես չեմ սխալվում՝ հայտարարության տեքստի մեջ կար, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանի վրա է տեղի ունենալու այդ փոխանակումը»,- ասաց նա:
Խանդանյանը նշեց, որ բանակցությունները ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջև վերջին շաբաթներին են ընթացել: «Կարճ ժամանակահատվածի մասին է խոսքը»,- ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Ինչ վերաբերում է բոլոր գերիներին վերադարձնելու հարցին, ապա պատգամավորը նշեց. «Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։
comment.count (0)