Դեկտեմբերի 8-ին` կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, ԹԻՀԿ-ը քննարկում էր կազմակերպել «Հետաքննական լրագրությունը կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով՝ նպատակ ունենալով արժևորել հետաքննող լրագրողների բացառիկ դերը կոռուպցիայի դեմ պայքարում։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ով անդրադարձավ մարդու իրավունքների, ժողովրդավարության և ազգային ավտանգության վրա կոռուպցիայի կործանարար ազդեցությանը և ողջունեց հետաքննող լրագրողներին իրենց գործունեության համար։
ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն իր բացման խոսքում ընդգծեց հետաքննող լրագրողների զգալի ներդրումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։
Քննարկման բանախոսներն էին «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, հետաքննող լրագրող Մկրտիչ Կարապետյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Նարինե Ավետիսյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Գայանե Վարոսյանը և ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։
Քննարկումն ամփոփվեց ԹԻՀԿ հիմնադիր Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ։ Մրցանակը տրվում է 9-րդ անգամ՝ այս դեպքում արժևորելով հետաքննող լրագրության անգնահատելի դերը կոռուպցիայի դեմ պայքարում։
Մրցանակը շնորհվեց վերջին տարինեին կոռուպցիոն հանցագործությունների մասին հրապարակումներով առավելագույնս շատ աչքի ընկած «Հետք», «Սիվիլնեթ», «Ինֆոքոմ» լրատվամիջոցների հետաքննող լրագրողներ Տիրայր Մուրադյանին և Մկրտիչ Կարապետյանին՝ նշանավորելով իրենց սկզբունքային ու խիզախ գործունեությունը կոռուպցիայի դեմ պայքարում։
comment.count (0)