Արարատ Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
17:29 - 11 դեկտեմբերի, 2023

Արարատ Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորցմանն ուղղված քայլերը, ինչպես նաև տարածաշրջանում հարատև կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները, անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։

ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը։

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականությանը և Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժին:

Շարունակելով տարածաշրջանային նշանակության թեմաները՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները՝ հանրահայտ սկզբունքներին համահունչ։

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել