Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ
 |1lurer.am|
14:58 - 12 դեկտեմբերի, 2023

Արման Սարգսյանը ներկայացրեց Կառավարության դիրքորոշումը 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագծի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ հարակից զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց՝ Կառավարությունը որոշակի առաջարկություններ է ներկայացրել լրամշակելու նպատակով, ապա անդրադարձավ Կառավարության դիրքորոշմանը և առաջարկություններին:

Ըստ այդմ՝ Կառավարությունը համարում է, որ.

1. Ցանկալի է ձեռնպահ մնալ 27 տարին լրանալուց հետո քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիների մասով 12 ամիս ժամկետով պարտադիր զինծառայություն անցնելու պարտականություն սահմանելուց՝ հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու գործընթացին հնարավոր խոչընդոտելու հանգամանքը:

2. 18-27 տարեկան՝ զինծառայությունից խուսափած քաղաքացիների համար առաջարկում է ավելացնել 27 տարեկանից հետո ծառայության ժամկետները՝ 24 ամիսը փոխարինելով 30 ամսով, 12 ամիսը՝ 15 ամսով, 6 ամիսը՝ 7 ամիս 15 օրով:

Առաջարկվում է հստակեցնել նաև 27 տարին լրանալուց հետո զինվորական հաշվառման անցնելու դեպքերը, համապատասխան փոփոխություն նախատեսել նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում, 27 տարին լրացած և օրենքով սահմանված՝ տարկետման հիմք ունեցող քաղաքացիների համար նախատեսել 15 միլիոն դրամ վճարելու պարտավորություն, նաև հստակ սահմանել այն անձանց շրջանակը, որոնց վրա տարածվելու են օրենքի դրույթները, այն նկատառմամբ, որ առաջարկվող կարգավորումները լրացուցիչ խթան չհանդիսանան պարտադիր զինվորական ծառայությունից քաղաքացիների խուսափելու համար: 

Այդ նպատակով առաջարկվում է սահմանել դրույթ, համաձայն որի՝ օրենքի գործողությունը տարածվում է օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 25 տարին լրացած և օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած ՀՀ քաղաքացիների վրա, նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ, բացի դրանից՝ Քրեական օրենսգրքի նախագծում հստակ նախատեսել, որ 27 տարեկանից հետո գումարի վճարմամբ քրեական պատասխանատվությունից ազատումը կարող է իրականացվել միայն տվյալ անձի ներկայանալու դեպքում:

«Հարգելի՛ գործընկերներ, խնդրում եմ նախագծերի ընդունումն իրականացնել՝ հաշվի առնլելով Կառավարության հիշյալ առաջարկությունները»,- խոսքը եզրափակեց պաշտպանության նախարարի տեղակալը:

Հիշեցնենք՝ գործող կարգավորումներով՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները ենթակա են դատապարտման: Նրանք որևէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում անգամ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած:

Առաջարկվող նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվել քրեական պատասխանատվությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել