Համաձայն չենք այն տեսակետին, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ խախտվել են․ «Բալասանյան դաշինք»
19:09 - 12 դեկտեմբերի, 2023

Համաձայն չենք այն տեսակետին, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել կամ խախտվել են․ «Բալասանյան դաշինք»

Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ համագործակցության հուշագիրը, ինչի առնչությամբ «Բալասանյան դաշինքը» հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև.

«2021 թ. «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ստորագրել է համագործակցության հուշագիր, որի հիմքում եղել է Գյումրին ավելի լավը, ավելի զարգացած, ավելի բարեկարգ ու ապագային միտված քաղաք տեսնելը: Անցնող երկու տարիների ընթացքում այդ ուղղությամբ փորձել ենք, մեր գործընկերների հնարավորությունները օգտագործելով, բազմաթիվ ծրագրեր իրականացնել քաղաքում:

 

Ունենք համագործակցության հաջողված լուրջ փորձ ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում. 2022-2023 թթ. հիմնանորոգվել/հիմնանորոգվում է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 12 ՀՈԱԿ-ում, ձեռք է բերվել 5 տեխնիկա և 5 սարքավորում, բազմաբնակարան երեք շենքի Էներգաարդյունավետության ծրագիր է իրականացվել, 10 սոցիալական բնակարան է վերանորոգվել, 16 կոմպլեկտ լուսացույց է ձեռք բերվել՝ լուսացույցերի թարմացման և նորերի տեղադրման համար, ձեռք են բերվել նստարաններ, աղբամաններ և այլն:

 

 «Բալասանյան դաշինքը» մինչ այդ ևս ունեցել է համագործակցության հաջողված փորձեր ՀՀ կառավարության հետ համատեղ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործում:

Հեռու ենք այն մտքից, որ համագործակցությունը հնարավոր է առանց տարաձայնությունների ու խնդիրների, դրանք համարում ենք բնական: Խնդիրներ ու տարաձայնություններ կարող են լինել ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ երկու տարբեր թիմերի միջև:

Համաձայն չենք այն տեսակետին, թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել, կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողությունններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար, այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաև հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով և համարել բնական:

Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը, ձևակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետև քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

Հարգանքով ենք մոտենում մեր գործընկերների ընդունած որոշմանը, նաև հուսով ենք, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը և գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան՝ համատեղ կառավարման ժամանակ:

Պատրաստ ենք և՛ հրապարակային, և՛ աշխատասենյակային ձևաչափերով քննարկել Գյումրի քաղաքի զարգացմանը միտված ցանկացած ծրագիր և գաղափար՝ ավելի լավ Գյումրի ունենալու համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, տեղելացնելով, որ միակողմանիորեն խզում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության միջև 30.10.2021թ.-ին ստորագրված Համագործակցության մասին հուշագիրը։

Ինչպես նշված է ՔՊ հայտարարության մեջ, նման որոշման պատճառն այն է, որ Գյումրին չի կառավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել