«Սա մոնոներկայացում չի, սա ավագանու նիստ է». Ավինյանը՝ Հայկ Մարությանին
 |hetq.am|
21:31 - 26 դեկտեմբերի, 2023

«Սա մոնոներկայացում չի, սա ավագանու նիստ է». Ավինյանը՝ Հայկ Մարությանին |hetq.am|

hetq.am: Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը մասնակցում է Երևանի ավագանու նիստին։ Սա առաջին անգամն է, երբ Մարությանը մասնակցում է նորընտիր ավագանու նիստին։ Նա ելույթով հանդես եկավ։

«Վերջին անգամ այս դահլիճում ելույթ եմ ունեցել երկու տարի առաջ։ Եթե հիշում եք երկու տարի առաջ, մոտավորապես այս օրերին ՔՊ-ականներն այս դահլիճում, իրենց սիրած բառով ասած, մի աննախադեպ բան արեցին, իմպիչմենթի ենթարկեցին ընտրված քաղաքապետին՝ առանց որևիցե հիմնավոր մեղադրանքի։

Էականն այն է, թե ի՞նչ կորցեց կամ ի՞նչ շահեց Երևանը այս աննախադեպ գործողություններից հետո այս երկու տարիներին, երբ փոխվել են նոմինալ երեք քաղաքապետեր, տասնյակ թաղապետեր և այլ կարևոր պաշտոնյաներ։ Ի՞նչ սկզբունքային առավելություն ստացավ մեր քաղաքը, որը չուներ մինչ այդ։ Ի՞նչ խոշոր պրոեկտ սկսվեց կամ ավարտվեց, որ մինչ այդ տեղի չէր ունենում, պատասխանը շատ պարզ է՝ ոչ մի։

Հակառակը, քաղաքային կառավարումը դրանից հետո մտավ չհիմնավորված քաղաքական ճգնաժամի մեջ, որից չի կարողանում դուրս գալ մինչև այսօր։ Մի շարք պրոեկտներում, որոնք պետք է ավարտին հասցված լինեին, այս վայրիվերումների պատճառով առկախվեցին և դոփում են իրենց տեղում»,- նշեց Մարությանը։

Ըստ նրա՝ տեղ են հասել վճարման տերմինալները, որոնք հնարավորություն կտան անկանխիկ վճարում կատարել տրանսպորտում, դա բարեփոխում էր, որն արդեն գրեթե պատրաստ էր գործարկման 2021թ.-ի դեկտեմբերին, բայց չգիտես՝ ինչու հետաձգվել է առնվազն երկու տարով։

Մարությանի խոսքով՝ խոշոր թափոնների, ինչպես նաև վտանգավոր թափոնների հավաքագրման, ուտիլիզացիայի գործընթացը կարծես կանգ է առել, իսկ շների չիպավոման պրոցեսը մոռացվել է։

«Այսօր քննարկում են քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի բյուջեի նախագիծը։ Գալիք տարվա բյուջեի եկամուտների համար նախատեսված է 124 մլրդ դրամ, բյուջեի եկամտային մասն աճել է հիմնականում մեր՝ երևանցիներիս վճարած բարձր գույքահարկերի հաշվին։ Դրա հետ մեկտեղ տարատեսակ ճոխությունների վրա այս նոր իշխանության արած ծախսերն ավելացել են անգամներով, երբեմն՝ տասնապատիկ անգամներով։ Օրինակ՝ ամանորյա ծախսերը, կհիշեք՝ մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 մլն դրամով։ Ինչքան քննադատություն եղավ, որ դա ավելորդ ճոխություն է, այն դեպքում, երբ այդ ծախս արվել էր պատերազմից, քովիդից ու Արցախի կատաստրոֆայից առաջ՝ անհոգ ժամանակներում։ Այդ տոնածառը մինչև հիմա զարդարում է քաղաքը, արդեն 5 տարի է։

Մինչդեռ այս տարի միայն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է 89 մլն դրամ, 2018-ին ընդամենը՝ 54 մլն դրամով մենք արել էինք երեք միջոցառում՝ լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա համերգը և Սուրբ ծննդյան համերգը։ Կարող եք դիտել այն ժամանակվա տեսանյութերը և համոզվել, որ ճոխությամբ և ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։ 

Ասում ենք երեխաների համար ենք անում։ Ի՞նչ ուղերձ ենք մենք փոխանցում երեխաներին։ Ի՞նչ ենք սրանով սովորեցնում, որ եղբորդ տունը ձեռքից խլում են, տնից դուրս հանում, դու պետք է ձևացնես, որ չե՞ս նկատել ու քեֆ անե՞ս։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել, որ ավելի փոքր ծավալի միջոցառումը հիմա կազմակերպում են ավելի շատ փողով։ Կամ, ինչպես հայտնի ռեկլամում էր ասվում՝ ինչո՞ւ ավելի թանկ վճարել, եթե արդյունքը նույնն է։

Առավել ևս, ա՛յն դեպքում, երբ մենք այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երբ երկրում ունենք հարյուր հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցերը դեռ հեռու են լուծված լինելուց։ Էլ չասած՝ հարցի բարոյական կողմը, թե ինչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը»,- ասաց նա։

Անդրադառնալով իր երդմնակալության արարողությանը՝ Մարությանը նշեց, որ դրա համար 2018-ին ծախսվել է 900 հազար դրամ. «Պատկերացնում ե՞ք։ Համեմատեք 900 հազարն ու 87 միլիոնը։ 100 անգամ էսօր տրանսպորտի հարցը լուծված է։ Ձեզ եմ հարցնում, պարոն Վազգեն Հարությունյան, գիտեմ, որ լավ եք տիրապետում ծրագրին, հազար անգամ իրար հետ քննարկել ենք։ Արդյո՞ք մենք ունենք հանրային տրանսպորտի բավարար շարժակազմ, որպեսզի մարդիկ այսօր տարեկան 160 հազար մուծելու փոխարեն ի վիճակի լինեն տրանսպորտով իջնեն քաղաք։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, ոչ, չունենք»։

Ըստ Մարությանի՝ կարմիր գծերի այս թանկացման արդյունքում ուղղակի հարուստները կշարունակեն կայանել կարմիր գծերի վրա, իսկ միջին երևանցու վիճակը ավելի կվատթարանա։ 

«Շարունակենք մեկանգամյա ճոխ ծախսերի թվարկումը... Իսկականից դուք պատկերացնում ե՞ք՝ ինչ թվերի հետ եք խաղում, ինչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս։ Դուք հինգ տարի առաջ պատկերացնում էի՞ք, թե ինչ տեսք ունի 87 միլոն դրամը։ Դուք վաստակել ե՞ք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր անձնական փառասիրությունը գոհացնելու համար։

Էս ամեն ինչը հաստատում է էն, ինչ ես ասում էի այս դահլիճում երկու տարի առաջ․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլև կորցրել է իր բարոյական օրիենտիրները։ Թեև նրանցից ոմանք դա երբեք չեն էլ ունեցել։

Մի բան էլ․ էդ ինչպե՞ս եղավ, որ դուք Կարմիր գծերի թանկացման որոշումն ընդունեցիք ընտրություններից անմիջապես հետո։ Ինչու՞ ընտրությունների շրջանում դրա մասին չէիք խոսում։ Պարզ է, չէ՞ ինչու։ Նույն պատճառով, որով 2021-ի ընտրություններից առաջ չէիք խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին։ Խոսում էիք Արցախի ինքնորոշման, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին, նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում նման կետ էիք մտցրել՝ հրաշալի իմանալով, որ դա անիրատեսական ծրագիր է։ Ի՞նչ եղավ 2021 թվականի ընտրություններից մի քանի ամիս հետո՝ մոռացաք «ինքնորոշում» բառը, իսկ այսօր արդեն մոռացել եք «Արցախ» բառը։ Նույն պոպուլիզմն ու խաբեությունը հիմա է՝ ո՛չ մի բառ թանկացումների մասին ընտրություններից առաջ։ Չնայած, ձեզ էլ կարելի է հասկանալ, եթե ընտրություններից առաջ խոսեիք թանկացումների մասին, ձեզ քաղաքապետ նշանակելու հարցում նույնիսկ «Հանրային ձայնը» չէր օգնի։ 

Հա ի միջի այլոց, քանի որ «Հանրային ձայնը» ոչ միայն քաղաքապետ ընտրելուց է օգնել ՔՊ-ին, այլ նաև մինչև օրս էլ օգնում է` եկեք արձանագրենք, որ եթե «Հանրապետություն» կուսակցությունն այստեղ ՔՊ-ի աջ ձեռքն է, ապա «Հանրային ձայն»-ը՝ ձախ ձեռքն է։ Մնում է հասկանալ, ՔՊ-ն աջլիկ է, թե ձախլիկ։ 

Երևանցիներին ուզում եմ օգտվելով առիթից նորից ասել, որ մենք հավատարիմ ենք ձեր տված քվեին ու մեր սկզբունքներին, ու կշարունակենք ձեր շահերը մաքսիմալ պաշտպանել մյուս տարի։ Ցավոք, անցած ընտրություններին ահավոր ցածր մասնակցության հետևանքով այս պատկերն ունենք այստեղ, բայց ամեն ինչ առջևում է, մենք լավատես ենք ու վճռական»։

Տիգրան Ավինյանը Մարությանին հիշեցրեց, որ ժամանակը սպառվել է, և նոր կանոնակարգով ելույթի ժամանակը 5 րոպե է։

«Սա մոնոներկայացում չի, սա ավագանու նիստ է»,- ասաց Ավինյանը։

Երբ Մարությանը շարունակում էր ելույթը, Ավինյանն ընդհատեց. «Խնդրում եմ միկրոֆոնը անջատեք, արտոնյալներ չկան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել